Երեկ՝ առավոտյան, Արարատի մարզի Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արեւաբույր համայնքների ավելի քան 100 բնակիչներ փակել էին Արարատի մարզի մայրուղին: Վերջիններս դժգոհում էին, որ հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները, ըստ էության, զրկվում են ուղիղ ճանապարհով Մասիս քաղաք մտնելու հնարավորությունից: Ավելին, մայրուղու կառուցումից հետո նրանք չեն կարողանալու մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիներն ու միանում վրացական դեպի Փոթիի ու Բաթումի նավահանգիստներ տանող ճանապարհային ցանցին: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր:
Նոր Կյուրինի համայնքապետ Գեւորգ Օհանյանի խոսքով՝ վերը նշված չորս գյուղերի համար մեծ նշանակություն ունի Մասիս քաղաքը, իսկ կառուցվող այս մայրուղին փակելու է Մասիս տանող ամենակարճ ճանապարհը: Երեկ չորս գյուղերի բնակիչները գյուղապետերի հետ միասին համապատասխան գրություն են ուղարկել ՀՀ կառավարություն՝ պահանջելով լուծել խնդիրը: «Մենք առաջարկում ենք մեքենաների համար ստորգետնյա կամ էլ վերգետնյա անցում կառուցել, որպեսզի կարողանանք գնալ Մասիս քաղաք: Մեր ուղարկած գրությունը պետք է մարզպետը ներկայացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մայրուղու կառուցումից հետո մեր կապը Մասիս քաղաքի հետ կտրվում է: Բայց մեր բոլոր խնդիրները կապված են Մասիս քաղաքի հետ. հիվանդանոցը, հրշեջ ծառայությունը, ոստիկանությունը, բանկերը, մարդկանց համար կարեւոր բոլոր այս անհրաժեշտ կառույցները Մասիս քաղաքում են: Ի դեպ, այս ճանապարհից օգտվում են նաեւ Արտաշատ քաղաքին մոտ գտնվող շատ համայնքներ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Գեւորգ Օհանյանը:
Ըստ Ջրահովիտի համայնքապետ Համլետ Ղազարյանի՝ չորս գյուղի բնակիչները դեռեւս անցյալ տարվանից պայքարում են այս խնդրի դեմ: Սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք. «Դե մենք էլ՝ չորս գյուղապետ, ամեն անգամ փորձում էինք հետ պահել գյուղացիներին, որ չփակեն ճանապարհը: Այս անգամ չլսեցին: Տեսնենք, թե ինչպես հարցը կլուծվի. կա՛մ դրական, կա՛մ էլ բացասական»:
Ի դեպ, խնդրի վերաբերյալ գյուղացիների հետ հանդիպել եւ զրուցել է նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Իսկ թե ինչպես կլուծվի այս խնդիրը, պարզ կդառնա միայն սեպտեմբերի 2-ին, երբ արդեն արձակուրդից վերադարձած կլինի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թեեւ, դատելով ներդրված գումարների չափից, հազիվ թե իշխանություններն ընկրկեն:
ՓԱԿԵԼ ԵՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ