Այսօր նա է, վաղը՝ դու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին տարիներին բողոքի ակցիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: Դժվար է հիշել որեւէ շաբաթ, երբ Երեւանում տեղի ունեցած չլինի առնվազն մեկ բողոքի ակցիա: Ընդ որում, բողոքավորների թիվը գնալով ավելի ու ավելի է շատանում, եւ արդեն փողոց են դուրս գալիս հասարակական տարբեր շերտեր. Հյուսիսային պողոտայի կառուցապատման հետեւանքով անտուն մնացածները, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները, ամիսներով աշխատավարձ չստացած նաիրիտցիները,  ազատամարտիկները: 
Երեկ Երեւանի փողոցներում ակտիվ ակցիաներ էին կազմակերպում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող երիտասարդները, այսօր Կոմիտասի 5 շենքի բնակիչներն են դժգոհում իրենց բակում ապօրինի շինարարությունից, վաղը փողոց դուրս կգան ուսանողները՝ բողոքելու բուհերում վարձավճարների բարձրացումից եւ այսպես շարունակ: Մարդիկ փողոց են դուրս գալիս ե՛ւ ամռան շոգին, ե՛ւ ձմռան ցրտին, ե՛ւ ուժեղ անձրեւին, ե՛ւ բարկ արեւին: Փողոց են դուրս գալիս մեծ ու փոքր խմբերով: Փողոց են դուրս գալիս, որովհետեւ ունեն չլուծված խնդիր, որովհետեւ Հայաստանում տիրում է անարդարության, անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտ:
Իսկ ի՞նչ են անում իշխանությունները: Բացարձակապես ոչինչ: Խնդիրը լուծելու փոխարեն բողոքավորների դեմ փողոց են հանում ոստիկաններին ու պարբերաբար բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ:
Մինչդեռ ցավով պետք է նկատել, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրները վերաբերվում են բոլորին, այդ թվում՝ բողոքի ակցիաները մահակներով ճնշող ու ակտիվիստներին “ջանասիրաբար” բերման ենթարկող ոստիկաններին:
Այսօրվա անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտից, անվերջանալի թանկացումներից տուժում են թե՛ քաղաքացիական ակտիվ կեցվածք ցուցաբերող անձինք, թե՛ այդ քաղաքացիների դեմ դուրս եկած ոստիկանները, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Երկրում տիրող իրավիճակից տուժում են բոլորն անխտիր: Այսօր Կոմիտասի 5 շենքի բակում է ինչ-որ մեծահարուստ իր շենքը կառուցում՝ փակելով շատերի լուսավորությունը, վաղը նույնը կլինի քաղաքացու դեմ դուրս եկած ցանկացած ոստիկանի բակում: Այսօր, հասարակական գերակա շահով պայմանավորված, իր հայրական տնից զրկվում է քաղաքացի Հակոբյանը կամ Վարդանյանը, վաղը հերթը կհասնի շարքային ոստիկան Գասպարյանին, սերժանտ Մուրադյանին կամ գնդապետ Սիմոնյանին (անունները պայմանական են): Եթե այսօր բարձրացնում են բուհերում ուսանողների վարձավճարները, ապա դա նույն հաջողությամբ տարածվում է բոլորի` ե՛ւ գործազուրկի, ե՛ւ շինարարի, ե՛ւ ոստիկանի, ե՛ւ պետական չինովնիկի ուսանող երեխաների վրա:
Այսօր Հայաստանում ապահովագրված չէ ոչ ոք. ո՛չ շարքային քաղաքացին, ո՛չ չինովնիկը, ո՛չ ոստիկանը, ո՛չ էլ անգամ իշխանության խամաճիկ դարձած գործարարները: Այնպես որ, իշխանության կամակատարներն ապօրինի հրահանգներ կատարելուց առաջ, լավ կլիներ, մի փոքր մտածեին, թե ինչ են անում, եթե, իհարկե, ունեն մտածելու ունակություն:
“Ժողովուրդ” օրաթերթի 604 համար




Լրահոս