«168 Ժամ» թերթը գրում է. «ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք մտել ՀԱՊԿ: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին: «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»,- ասել է նա:
Առաջին հայացքից՝ շարքային այս հայտարարությունները կարելի է սենսացիոն համարել հատկապես վերջին տարիներին վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հայտարարությունը Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ուղղակի անհնարին կլիներ: Բավական էր փորձել խոսել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, և Հայաստանի ցանկացած պաշտոնյա ժամերով կբացատրեր, կհիմնավորեր ու կհամոզեր, թե որքան բացառիկ ու անփոխարինելի անվտանգության համակարգ է ՀԱՊԿ-ն: Մինչդեռ այսօր հայտարարում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է ոչ այն պատճառով, որ այն Հայաստանի համար գործունակ, երաշխավորված անվտանգության համակարգ է, այլ՝ որովհետև այլ վայրում «մեզ չեն սպասում»:
Իհարկե, կա նաև խնդրի հակառակ կողմը: «Այլ վայրում», այդ թվում ու հատկապես՝ ՆԱՏՕ-ում «մեզ սպասելու» համար Հայաստանը չպետք է իր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարեր այնպես, որ ամեն ինչով նույնացվեր ու նույնականացվեր Ռուսաստանի հետ: Այսինքն` Հայաստանը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի որևէ այլ, ավելի լուրջ «վայրում» մեզ չսպասեն: Այսօր Հայաստանը, ըստ էության, աշխարհին ուղերձ է հղում առ այն, որ սխալվել է իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: