ԴԵՂԵՐԻ ՀՈՏԸ ԽԵՂԴՈՒՄ Է
Նոյեմբերյան քաղաքի ավագանու վերջին նիստում ավագանու անդամ Արթուր Անանյանը հայտարարեց, թե Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում պարբերաբար դեղամիջոցներ են այրում: «Դեղերի այրվելուց հետո ծանր հոտով ամպ է գոյանում, որը խեղդում է»,-ասաց բժշկական կենտրոնի հարեւանությամբ բնակվող Արթուր Անանյանը: Նրա խոսքով՝ հիմա բժշկական կենտրոնը հին դեղերն այրում է հիվանդանոցի նախկին, չգործող կաթսայատանը, որպեսզի այրումից արտանետվող գազերը հեռանան մթնոլորտ: Սակայն քամին քշում, տարածում է այրված դեղամիջոցներից գոյացած թունավոր ամպը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը ավագանու նիստում ասաց, որ բժշկական կենտրոնն իր տարածքում է կատարում դեղերի այրումը: Սակայն ավագանու անդամները հակադարձեցին, որ դեղերի ոչնչացումը հատուկ, մասնագիտացված գործունեություն է: Հավելենք, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը չունի դիահերձարան:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ երեկ՝ առավոտից, երկաթգծի Արտենի կայարանում քանդում են երկաթուղու գծերից մեկը, որը նորոգվել էր մեկ տարի առաջ: Ըստ լրատվամիջոցի՝ պատրաստվում են այստեղ թողնել մեկ երկաթգիծ եւ երկաթուղային կայարան՝ գործազուրկ թողնելով կայարանի հինգ աշխատողներին: «Կապիտալ վերանորոգում են արել, գումարը հատկացրել, կերել են, հիմա էլ անօրինական քանդում են: Մենք էլ չենք ուզում, մեր աշխատատեղերը կրճատում են, մեզ գործից հանում են»,-ներկայացրել է կայարանապետ Արթուր Առաքելյանը: Երկաթգիծը քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում: 2005 թվականից գործող կայարանի երկաթուղու գծի քանդելու մասին կայարանապետը տեղեկացել է օգոստոսի 20-ին, եւ մեկ օր անց սկսվել են ապամոնտաժման աշխատանքները:
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՋՐԱՆՑՔՈՒՄ
Երեկ՝ առավոտյան ժամը 10:50-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը: Ավելի ուշ Արա գյուղի այգեգործական ընկերության տարածքում գտնվող ջրի խողովակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն ու Սեւանի ջրասուզակները հայտնաբերել են 23-ամյա Գայանե Հ.-ի դին: Ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել` նետվելով ջրանցքը: Ըստ «Շամշյան.քոմ»-ի` Գայանեն ամուսնացած է եղել: Նրա ամուսինը ոստիկաններին ու փրկարարներին հայտնել է, թե ինքը կնոջը նկատողություն է արել հեռախոսով շատ խոսելու համար, նույնիսկ ձեռքից վերցրել այն, որից հետո Գայանեն զանգահարել է մորաքրոջ աղջկան ու ասել, թե «երեխաներիս լավ կնայես, ես իմ կյանքին վերջ եմ տալիս»: