ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՍԽԵԼ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից մոտ 7.5 մլն դրամ է ծախսել հեռախոսային խոսակցությունների վրա: Ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ ՀՀ ԱՆ-ն օգտվել է «Արմենտել» ընկերության մատուցած ծառայություններից: Ահա թե ինչպես են վատնվում եւ որտեղ են գնում ՀՀ պետբյուջեի միջոցները: Հանուն արդարության նկատենք, որ այս իրավիճակը միայն ԱՆ-ում չէ, այլեւ մյուս պետական գերատեսչություններում: Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությունն էլ հեռախոսային խոսակցությունների վրա ծախսել էր մոտ 6 մլն դրամ:

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
«Ո՞նց կարող է քննիչը նրա որդու կալանքը  վերացնել: Դա միայն քննիչի ցանկությունն է, եւ այն քննիչը, որն այդ միջնորդությունը կբավարարի, մեծ սխալ կանի: Դրա իրավունքը նա չունի: Եթե անի էլ, նա իր իրավաբանական պոտենցիալը կկորցնի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել հունիսի 1-ին Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը: Հիշեցնենք, որ Ա. Բուդաղյանի սպանության համար կալանավորվել են Սյունիքի նախկին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, եւ թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը: Օրերս Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին` իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոց կալանքը վերացնելու համար:

ԲՈՅԿՈՏԵՑԻՆ
ՀՀԿ ԳՄ նիստի մանրամասները երեկ այդպես էլ մնացին անհայտ: Բանն այն է, որ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի բացակայության պատճառով լրագրողների հարցերին պետք է պատասխաներ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Սակայն նա հրաժարվել է իջնել մամուլի կենտրոն, որտեղ, ըստ ձեւավորված ավանդույթի, լրագրողներին ներկայացվում են նիստին քննարկված հարցերը: Փոխարենը Սահակյանը պահանջել է, որ լրագրողներն իրենք դուրս գան փողոց եւ այնտեղ անցկացնեն հարցազրույցը, ինչին չեն համաձայնել լրագրողները: Իսկ ՀՀԿ ԳՄ մյուս անդամները շատ արագ հեռացել են` անպատասխան թողնելով լրագրողների հարցերը: Նշենք, որ ՀՀԿ նիստը երեկ տեւել է մոտ մեկ ժամ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ նիստում քննարկվել են ընթացիկ ներկուսակցական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին: Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ասոցացման համաձայնագրի հետ կապված՝ վերջնական հստակեցումներ կլինեն առաջիկայում` կախված քաղաքական իրողություններից: Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում երեկ շատ են եղել բացակաները. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չեն մասնակցել նիստին:




Լրահոս