ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Փոխարենը Ս. Սարգսյանի հրամանագրով Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արա Սահակյանը: Նշենք, որ նա նախկինում եղել է ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար, ՀՀ ԱԺ փոխնախագահ: Արա Սահակյանը, լինելով ՀՀՇ անդամ, 1998թ. հեղաշրջումից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի մյուս ներկայացուցիչների հետ միասին հրաժարական էր ներկայացրել:

ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈ՞Ւ Է
Երեկ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: «168 ժամ»-ին հայտնի է դարձել, որ Դոլունցը տեղափոխվելու է Երեւան եւ զբաղվելու է սեփական բիզնեսով: Կայքը նշում է, որ Դոլունցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է եղել, եւ նրանք միշտ միասին են աշխատել:

ՄՆԱՑԻՆ ԵՐԵՔՈՎ
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մանդատի համար կպայքարի երեք թեկնածու՝ Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը եւ «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն, ինքնաառաջադրված Վահրամ Հովհաննիսյանը: Առաջադրված չորրորդ թեկնածուն` գործազուրկ թոշակառու Պավլիկ Սարգսյանը, դուրս է մնացել ընտրապայքարից, քանի որ իրեն հատկացված 48 ժամվա ընթացքում չի կարողացել վճարել 1 մլն դրամ ընտրագրավը:

ԱՊԱՑՈՒՅՑՆԵ՞Ր
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, իբր իրեն զրպարտելու համար դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին՝ միաժամանակ որպես փոխհատուցում պահանջելով 1.5 մլն դրամ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետի մասին Ս. Հարությունյանը մի շարք փաստեր է ներկայացրել մամուլով` նրան մեղադրելով հանցագործություններ կատարելու մեջ:

ՔԱՇՔՇՈՒԿ
Երեկ Կոմիտասի 5 հասցեում կրկին լարված վիճակ էր. նախ՝ կրկին քաշքշուկ է տեղի ունեցել բնակիչների եւ շինարարների միջեւ, այնուհետեւ մարդիկ փակել են Կոմիտասի պողոտան: Արդյունքում՝ «Լիբեր» ընկերության շինարարներն ինքնակամ եւ հավաքվածների ծափերի ներքո լքել են շինհրապարակը: Մինչ շինարարների հեռանալը բնակիչների հետ հանդիպման է գնացել Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, որին բնակիչներն ընդունել են «ա-մոթ» վանկարկումներով: Որքան էլ Դ. Օհանյանը փորձել է հանգստացնել մարդկանց, վերջիններս ասել են, որ չեն ընդունում ՀՀԿ-ն ներկայացնող որեւէ պաշտոնյայի: Ի դեպ, ականատեսների վկայությամբ՝ տարածքում փոխքաղաքապետի վարորդը եւ չպարզված մեկը դաժան ծեծի են ենթարկել Անուշավան Պետրոսյանին, որը նախօրեին, ի նշան բողոքի, կտրել էր իր երակները: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ որպես այս շենքի իրական սեփականատեր՝ շրջանառվում է Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի անունը:

«ՊԱՐԶԱՊԵՍ ԲԻԶՆԵ՞Ս», ԹԵ՞ «ԲԻԶՆԵՍ»
Երեկ «Արմնյուզ» հ/ը հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ եթե Ռուսաստանի դիրքորոշումը սպառազինության վաճառքի հարցում մեկնաբանվում է որպես «պարզապես բիզնես», ապա Հայաստանի ձգտումը՝ ստորագրելու ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը, նույնպես միանշանակ կարելի է ընկալել որպես «բիզնես». «Երբ լսում ես նման ձեւակերպումներ, որ դա պարզապես տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար է ու «միայն բիզնես», ցանկություն է առաջանում հիշեցնել, որ Հայաստանի ձգտումը՝ կնքելու ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ, էլ ավելի «բիզնես» է ու ավելի շուտ կարելի է ընկալել այդ ձեւակերպման տակ, դա այն դեպքում, երբ սպառազինության վաճառքի տակ մշտապես կարելի է գտնել քաղաքական ենթատեքստ»:




Լրահոս