Էջմիածնի քաղաքային թատրոնն արդեն մի քանի տարի է` չի գործում: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այն պարզապես լուծարվել է։
Էջմիածնի քաղաքային թատրոնը նախկինում գործել է մշակույթի տան շենքում, ունեցել է իր գլխավոր ռեժիսորը, բեմադրական մասի վարիչը, երաժշտական ձեւավորողը, նկարիչը, դիմահարդարները, դերասանները, բանվորը` մոտ քսան հոգի։ Ի դեպ, մշակույթի տան շենքում գործել են նաեւ երկու երաժշտական եւ մեկ նկարչական դպրոց, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը… Բայց մի օր սկսել են շենքը վերանորոգել, միացյալ տնօրինության փոխարեն ստեղծվել են համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ՝ ՀՈԱԿ-ներ… Եվ հենց այդ ժամանակ էլ թատրոնը լուծարվել է։ Երբ «Ժողովուրդ»-ը ցանկացավ «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրենից տեղեկություններ իմանալ վերոնշյալի մասին, նա հրաժարվեց ինչ-որ բան ասել ձայնագրելու համար:
Էջմիածնում չի գործում նաեւ քաղաքի կինոթատրոնը: 1980-ականներին այն համարվում էր քաղաքի ժամանցի լավագույն վայրերից մեկը: Կինոթատրոնի շենքը գտնվում է Կոմիտասի անվան հրապարակի հարեւանությամբ, շրջապատված է գեղեցիկ այգով, կողքին Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցն ու սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին են: 1990-ականներին, ինչպես շատ այլ քաղաքներում ու գյուղերում, կինոթատրոնը թալանվել է: Գողացել են գույքը, նստարանները: Այժմ միայն պատերն են մնացել, ներսում փլատակներ են, պոկված առաստաղ, ջահերի կմախքն ու քանդված աստիճանները: Ընդ որում, կինոթատրոնի առաջին հարկի մի հատվածը քաղաքապետարանը փակել է եւ օգտագործում է որպես պահեստ, որտեղ պահվում են կանաչապատման ու ձյուն մաքրելու համար անհրաժեշտ գործիքները: Մնացած հատվածում ամայություն է, դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները ջարդված են, տանիքին արդեն անտառ է գոյանում, իսկ պատերին քաղաքի երիտասարդների սիրո խոստովանություններն ու այլ խզբզանքներն են: Ու որեւէ մեկն այսօր չի փորձում շտկել իրավիճակը:
Այսքանից հետո էլ իշխանությունները խոսում են մարզերի համաչափ զարգացման ու նման վերամբարձ այլ խնդիրների մասին:
Ո՛Չ ԹԱՏՐՈՆ ՈՒՆԵՆ, Ո՛Չ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ