ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կաջակցի Արցախի գյուղոլորտի մասնագետների վերապատրաստմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 8­-ին առաջնագիծ այցից հետո երեկոյան հանդիպում է ունեցել ԼՂՀ ԳՆ ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Տեղի ունեցած քննարկումների ընթացքում շոշափվել են համագործակցության և երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հարցեր: Հանդիպման ընթացքում ԼՂՀ գործընկերները կարևորել են այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է եղել Արցախի իր գործընկերների հետ՝ ձգտելով գտնել առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները:

«Մենք ձեր կողքին ենք լինելու միշտ և շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել»,­- նշել է Սերգո Կարապետյանը, հավելելով, որ Արցախի իրենց գործընկերներին ՀՀ գյուղնախարարության մասնագետները կաջակցեն նաև գյուղոլորտի մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և անձամբ Սերգո Կարապետյանի կողմից ցուցաբերված նյութական օժանդակության համար, որը կուղղվի պատերազմի հարուցած դժվարությունների հաղթահարմանը: Երկու նախարարները գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ հույս հայտնելով, որ այն հետագայում ավելի կխորանա»:




Լրահոս