ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել գյուղատնտեսության ոլորտում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՎՊ-ն ստուգել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, ինչի արդյունքում հայտնաբերել է մի շարք թերություններ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրն ունի երկու բաղադրիչ. «Կենսապատվաստուկների ձեռքբերում» եւ «Հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպում»: Կենսապատվաստուկների ձեռքբերման համար պետական բյուջեից 2014 թվականին հատկացվել է մոտ 578 մլն 224 հազար դրամ, իսկ 2015 թվականին՝ 567 մլն 611 հազար դրամ:
Հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով պետբյուջեից 2014 թվականին հատկացվել է 542 մլն 520 հազար դրամ, իսկ 2015 թվականին՝ 594 մլն 603 հազար դրամ: Հիմնականում վճարվել է անասնաբույժների եւ համաճարակաբանների աշխատավարձը:
Սակայն ՎՊ-ն ստուգումներ իրականացնելուց հետո պարզել է, որ ՀՀ-ում չկա անասնագլխաքանակի հաշվառման, համարակալման, գրանցման ու անձնագրավորման համակարգ: Մինչդեռ, ըստ ՎՊ-ի, նման իրավիճակը բացասաբար է ազդում ծրագրի արդյունավետության վրա: Բացի այս՝ հակահամաճարակային միջոցառումների իրականացման եւ անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման հաշվարկների վերաբերյալ կարգ նույնպես գոյություն չունի: Արդյունքում, հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում՝ հաշվետու տարվա ավարտին, համապատասխան պահեստներում առկա պատվաստանյութերի, ախտորոշիչ եւ լաբորատոր նյութերի մնացորդները հաշվի չեն առնվել:
Ի դեպ, ՀՀ ԳՆ-ն 2014-2015 թվականների ընթացքում ձեռք բերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարել: Բանն այն է, որ ՀՀ-ում չկա որակի ստուգման համապատասխան լաբորատորիա: Չնայած որ նշված փաստը մտահոգիչ է եւ իր մեջ պարունակում է ռիսկեր:
Տեղեկացնենք, որ պատվաստանյութերի տեղափոխման եւ պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանները տարբեր են, հետեւաբար, դրանց երկարաժամկետ պահպանության համար անհրաժեշտ են առանձնահատուկ սառնարանային պայմաններ: Սակայն ՀՀ բոլոր մարզերի համայնքներին տրամադրվածներից միայն 560 սառնարանն ու 59 թերմոճամպրուկն է պիտանի շահագործման: Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ-ում գործում է 1022 անասնաբուժական տեղամաս, որոնք սպասարկվում են միջինը 603 անասնաբույժի կողմից: Ստացվում է, որ 462 անասնաբուժական տեղամաս ապահովված չէ աշխատող սառնարանով, իսկ 43 անասնաբույժ, ընդհանրապես, չունի սառնարան: Որոշ համայնքներում անասնաբույժները այս հարցի լուծման այլընտրանքային տարբերակ են գտել. նրանք պատվաստանյութերը պահպանում են իրենց նկուղներում կամ անձնական օգտագործման՝ սննդամթերքների պահպանության համար նախատեսված սառնարաններում: Արդյունքում՝ համայնքներում պատվաստանյութերի պահպանման պայմանների ոչ լիարժեք ապահովման պատճառով վտանգվում են պատվաստանյութերի որակական հատկանիշները:
Այն, որ անասնաբույժը իրավունք չունի իր նկուղում պահել պատվաստանյութը, հաստատում է նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: «Բայց պատվաստումները իրականացվում են գարնան եւ աշնան ամիսներին, երբ այդ եղանակային պայմաններում թույլ են տալիս պատվաստանյութը պահպանել ոչ սառնարանային պայմաններում: Պատվաստանյութը ստանալով՝ մեր սառնարան-մեքենայով ուղարկում ենք մարզային կենտրոններ: Իսկ մեր մարզային կենտրոններում կան սառնախցիկներ, որոնք օգտագործվում են այդ նպատակով: Իսկ եթե մի փնթի անասնաբույժ, որը ժամկետանց պատվաստանյութ է ունեցել իր նկուղում կամ նոր է բացել, բայց լրիվ չի օգտագործել եւ կրկին այն դրել է իր նկուղում, սրանք արդեն բացառիկ երեւույթներ են: Այն, հնարավոր է, մի անփույթ անասնաբույժ անի: Բայց այդ դեպքերը մասայական չեն»,- վստահեցրեց փոխնախարարը:
Բացի այս՝ ՎՊ-ն արձանագրել է նաեւ պատվաստանյութերի ձեռքբերման հետ կապված ուշագրավ դինամիկա: Այսպես՝ ՀՀ ԳՆ-ն 2008 թվականից մինչեւ 2015 թվականը (2015 թվականը ներառյալ) պատվաստանյութերը բացառապես ձեռք է բերել մատակարար ընկերություններից: Դրանք են՝ «Բիո ունիվերսալ», «Ամասիա» ընկերությունները: Իսկ, ահա, 2016 թվականին ԳՆ-ն պատվաստանյութերը գնել է անմիջապես արտադրողից՝ ՌԴ-ում գործող «Կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոն»-ից: Եւ որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշենք, որ ԳՆ-ն 2008 թվականին պատվաստանյութի մեկ չափաբաժինը գնել է 290 դրամ, ապա այն աստիճանաբար նվազել է մինչեւ 210-220 դրամ: Անցած տարի պատվաստանյութի մեկ չափաբաժինը ԳՆ-ն գնել է 214.4 դրամով, իսկ այս տարի՝ 154.3 դրամով: Ասել է, թե եթե ի սկզբանե ԳՆ-ն անմիջականորեն ինքը զբաղվեր գնմամբ, զգալի միջոցներ կտնտեսվեին:
Հ.Գ. Հավելենք, որ Հայաստանում անասնաբույժը վարձատրվում է ըստ կենդանիների գլխաքանակի: Անցած տարի մեկ միավոր անասունի պատվաստման դիմաց վարձատրման չափը բարձրացել է 18 դրամով: Արդյունքում՝ պետպատվերի շրջանակներում ընտանի կենդանիների ներարկման համար անասնաբույժը ստանում է 1 կովի դիմաց 89 դրամ: Նույնքան ստանում է նաեւ 6 ոչխարի կամ 10 խոզի ներարկման համար: Եւ ամսվա վերջում անասնաբույժի աշխատավարձը կազմում է ընդամենը 40-50 հազար դրամ: Համաձայնեք, որ նման վարձատրության պայմաններում անասնաբույժը կարող է եւ անբարեխիղճ գտնվել թե՛ պատվաստումների եւ թե՛ պատվաստանյութերի պահպանման հարցերում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՍԿ ՎԱՐԿԵՐԸ ԿՆԵՐՎԵ՞Ն
ԼՂՀ եւ ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրման եւ ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, պաշտպանության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների աշխատակիցներ:
Երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաեւ զբաղվածության առկա իրավիճակին, ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ-կենցաղային հարմարության եւ այլ տվյալներ:
Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել են ԼՂՀ եւ ադրբեջանական զորքերի շփման գծում 2016թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ՝ ըստ բնակության վայրի՝ Երեւանում եւ ՀՀ 9 մարզերում: Մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ, երեխաների թիվը 17-ն է, 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ: Ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն, աշխատելու ցանկություն են հայտնել, որոշ դեպքերում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսությամբ: Ըստ Ասատրյանի՝ ընտանիքների մի մասն ունի վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ նաեւ՝ կոմունալ վճարումների պարտավորություններ:
Ի դեպ, օրենսդրությամբ սահմանված է նաեւ 2 մլն դրամ ապահովագրական վճար՝ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաեւ 1 մլն 400 հազար դրամ՝ հուղարկավորության կազմակերպման, եւ 700 հազար դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար: Դրանք վճարվում են ՊՆ կողմից, ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են կենսաթոշակներ, պարգեւավճարներ: