ՓՀԷԿ-ԵՐԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՈՒ ՉԵՆ ՊԱՏԺՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ բնապահպաններն ահազանգում են, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման եւ գետային էկոհամակարգերի հետ կապված խնդիրներ: Ըստ բնապահպանների՝ ՓՀԷԿ-երի շահագործումը շատ դեպքերում ուղեկցվում է խախտումներով, որոնք անցանկալի հետեւանքներ են թողնում շրջակա միջավայրի վրա: Դրանցից է, օրինակ, ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում պատշաճ էկոլոգիական թողքի ապահովման բացակայությունը:

Այսօր Հայաստանում շահագործվում է 144 փոքր ՀԷԿ: Մարզային կտրվածքով` ՓՀԵԿ-երն առավել շատ են Սյունիքում, որտեղ շահագործվում է 33 ՀԷԿ, առաջիկայում այդ թիվը կավելանա եւս 11 ով: Սյունիքին հաջորդում է Վայոց ձորի մարզը, որի գետերը մարզի փոքր տարածքի վրա գերհագեցած են փոքր ՀԷԿ-երով:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2015 թվականի տարեկան զեկույցում անդրադարձել է ՓՀԷԿ-երի կառուցման արդյունքում առաջացած խնդիրներին: Ըստ ՄԻՊ-ի՝ ՓՀԷԿ-երի կառուցումը պատճառ է դառնում անտառահատումների, իսկ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը մեծ ազդեցություն է թողնում համայնքների սոցիալական վիճակի վրա՝ դրանք թողնելով առանց ոռոգման եւ խմելու ջրի: Իսկ դրա հետեւանքով նվազում են գյուղմթերքների արտադրությունը եւ բնակիչների եկամուտը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՓՀԷԿ-երի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրին հասցվող վնասի վերաբերյալ անցած տարի բնապահպանության նախարարությունը ստացել է 8 դիմում-բողոք: Դրանք հիմնականում եղել են ՓՀԷԿ-երի շահագործման հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրների, դրանց անօրինական շահագործման կամ անօրինական գործունեության, բնապահպանական թողքի չպահպանման վերաբերյալ: Ըստ ԲՆ-ի՝ բողոքների հիման վրա կատարվել են տեսչական ստուգումներ ՀՀ Տավուշի մարզի 3, Սյունիքի մարզի 1, Վայոց ձորի 1, Լոռու մարզի 1, Կոտայքի մարզի 2 ՓՀԷԿ-երում: Թեեւ ԲՆ-ն ստուգումներ է իրականացրել նշված տարածքներում, այնուամենայնիվ, նկատենք, որ որոշ տարածքներ ՓՀԵԿ-երի շահագործման արդյունքում շարունակում են ջրազրկվել: Մասնավորապես՝ վատթարացել է Փամբակ գետի Տանձուտ վտակի սանիտարական վիճակը: Ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի՝ Եղեգիս գետի հիսուն տոկոսից ավելին վերցված է խողովակների մեջ: Նրա խոսքերով՝ ջուրը մի ՀԷԿ-ից դուրս է գալիս եւ դեռ գետ չմտած` միանգամից մտնում մյուս փոքր ՀԷԿ-ի խողովակը: Նույն պատկերն է նաեւ Տանձուտ գետում, ինչը բնապահպանական առումով անթույլատրելի իրավիճակ է:
Տեւական ժամանակ է, ինչ բնապահպանները ահազանգում են՝ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի մեծամասնությունը խախտում է ջրի բնական թողքի սահմանված ծավալները, եւ դրանցից մեծամասնության ձկնանցարանները թույլ չեն տալիս գետում բնակվող ձկնատեսակներին լողալ դեպի գետի վերին հոսք ձկնադրման համար:
Անցած տարի արձանագրվել էր, որ Լոռու մարզի Մարց գյուղի վարչական տարածքում` Մարց գետի վրա գործող «Մարցիգետ» ՓՀԷԿ 2»-ի ձկնանցարանը կառուցված է նախագծի խախտումներով, եւ այն որպես ձկնանցարան չի կարող ծառայել: Բացի այս՝ «Մարցիգետ» ՓՀԷԿ-2-ի ջրընդունիչի վրա եղել է ձկնապաշտպան ցանց, որը չի համապատասխանում սահմանված նորմերին: Հայտնաբերված խախտումների արդյունքում ՓՀԷԿ-ի տնօրենը ենթարկվեց վարչական պատասխանատվության: Բայց արդյոք այս վարչական տուգանքի նշանակումից հետո ՀԷԿ-ի տնօրենը կսթափվի եւ այլեւս խախտումներ թույլ չի տա: Արդյոք նրա օրինակին կհետեւն նաեւ մյուս ՓՀԷԿ-երի տնօրենները: Սրանք հարցեր են, որոնք, ցավոք, անպատասխան են:
Անցած տարի ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ Վայոց ձորի մարզում: Թեեւ ԲՆ-ն հայտնում է, որ Վայոց ձորի մարզում 2014 թվականի համեմատ 2015թ.-ին ոռոգման համակարգերի անխափան աշխատանքի ուղղությամբ գրանցվել է զգալի առաջընթաց, սակայն ջրօգտագործող ընկերությունների ղեկավարները հայտնել են, որ որոշ ՓՀԷԿ-երի անկանոն աշխատանքի արդյունքում ոռոգման շրջանում եղել են համայնքների ջրամատակարարման խափանման դեպքեր: Օրինակ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում երկու փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում գյուղացիները զրկվել են ոռոգման ջրից: Այդ ՀԷԿ-երը կառուցվել են գյուղի դաշտերը եւ այգիները սնուցող Արտավան գետի վրա:
Նույն իրավիճակն է նաեւ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում, որի բնակիչները ոռոգման նպատակով օգտվում են Հախում գետի ջրից: Սակայն գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի հետեւանքով նրանք ջուր չեն ունենում: Սյունիքի մարզի Նժդեհ գյուղը ոռոգման ջուրը ստանում է Այրի գետից: Նժդեհցիները եւս զրկված են ոռոգման ջրից, որովհետեւ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ կա: Իսկ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչները ոռոգման ջուր չունենալու պատճառով անցած տարի գրեթե բերք չեն հավաքել: Ջրի հետ կապված խնդիրները այստեղ սկսվել են Արգիչի գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո:
Չնայած որ ԲՆ-ն վերահսկում է ՓՀԷԿ-երի աշխատանքը, այնուամենայնիվ, բնապահպանական կազմակերպությունները պնդում են` տարիներ շարունակ Հայաստանում ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման արդյունքում վտանգվում է երկրի էկոհամակարգը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՑ
Հակառակ Սիրիայում տիրող ծանր իրավիճակի՝ Հալեպի Ազգային Սահակյան եւ Զավարյան վարժարանների աշակերտները փորձում են իրենց զորակցությունը հայտնել Արցախին: Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Հայերն այսօրին» հայտնել է, որ վարժարանների աշակերտները իրենց առօրյա ծախսը խնայելով՝ «փոքրիկ» խնայողությունները որոշել են հատկացնել արցախյան գոյապայքարի մասնակիցներին, Արցախի իրենց հայրենակիցներին. «Սա գոյատեւելու հաստատակամության լավագույն արտահայտությունն է: Այսօր հալեպահայ մանուկն ու պատանին իր ապրած դժվարությունների, ռմբակոծությունների ու անապահով իրավիճակի ծանրությունը սեփական մաշկի վրա զգալով` ուրիշներից շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ, ինչ է նշանակում վտանգված լինել»: Հալեպահայ փոքրիկներն իրենց նվիրատվությունը կատարել են մայիսի 3-ի առավոտյան՝ տարեվերջյան քննությունից առաջ, երբ քաղաքը հրթիռակոծության եւ պայթյունների տարափի տակ էր:

 

 

44 ՆԱՀԱՆԳ ՃԱՆԱՉԵԼ Է
Արեւմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից` Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս, համապատասխան հռչակագիր է ընդունել: Վկայակոչելով 1915-1923թթ. 1.5 միլիոն հայերի եւ 1 մլն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաեւ ներկայում Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ոչնչացումը՝ Թոմբլինն իր հռչակագրում նշում է. «Ճանաչելով եւ մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, ինչպես նաեւ անցյալի եւ ներկայի բոլոր ցեղասպանությունները՝ մենք հարգում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չկրկնվեն, եւ աչալուրջ ենք ատելության, հալածանքի եւ բռնության հանդեպ»: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները կարեւոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործում: «1915-ին իմ Համբարձում պապը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար էր, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել եւ գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կրթված եւ հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում»,֊նշել է հայ համայնքի ներկայացուցիչ Համբարձում Կասպարյանը:

 

 

ՀԱՋՈՂՎԵԼ Է ՓՐԿԵԼ
Երեք երեխաների հաջողվել է հրաշքով ողջ մնալ Հարավային Կորեայի Փենթեքի նահանգում բնակելի տներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ: Ականատեսները կարողացել են նկարահանել այն պահը, երբ այրվող շենքի լուսամուտից մայրը դուրս է նետում իր յոթ, չորս եւ երեք տարեկան երեխաներին: Մոտակայքում գտնվող, ԱՄՆ-ի «Օսան» ավիահանգրվանում բազավորված զինուժերի մի քանի զինվորներ կարողացել են բռնել լուսամուտից նետված բոլոր երեխաներին, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է ողջ մնալ:




Լրահոս