Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կանգնած մեր հայ զինվորները զբաղված են ոչ միայն հայրենի հողի պաշտպանությամբ, այլեւ մշակութային արժեքների պահպանությամբ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ապրիլյան թեժ օրերին նրանք ոչ միայն փրկել են նմանատիպ արժեքներ, այլեւ հոգացել են, որ դրանք անվնաս հասնեն ապահով վայր: ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սահմանին մեր զինվորները դիրքերում խրամատներ փորելիս պարբերաբար գտնում են հնագիտական գտածոներ եւ ուղարկում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն. «Սա հայ զինվորի` մշակութային արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի դրսեւորում է, որը հերքում է այն միտքը, թե պատերազմն ու մշակույթն անհամատեղելի երեւույթներ են»,-ասաց նա:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիանա Միրիջանյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ապրիլի կեսին առաջնագծի հյուսիս-արեւելյան հատվածում մեր զինվորները գտել են մ.թ.ա. 7-5-րդ դարերի դամբարանային նյութեր. «Հավանաբար, այդ մասերում դամբարանային կառույցներ կան, պարզապես հասկանալի պատճառներով չենք կարող գնալ, տեղում ուսումնասիրություններ կատարել: Այդ ծիսական նյութերից մեկն, օրինակ, անոթ է, որն ունի երեք պատվանդան, դրա վրա էլ դրվել են ավելի փոքրիկ անոթներ, որոնց մեջ վառել են տարբեր նյութեր` անդրաշխարհի հետ կապված հալյուցինացիաներ ունենալու նպատակով: Այդ անոթը մեզ հասել է կոտրված, բայց ամբողջացվել է: Բոլոր այդ նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի հնագիտական պահոցում»,-նշեց նա:
Բացի անոթը` վերջին շրջանում սահմանից գտնվել է նաեւ բրոնզե դարի մի հազվագյուտ նյութ. «Երբ մասնագետները տեսան գտածոն, ուրախացան, ասացին` ուրեմն այս տարածքն էլ է բրոնզեդարյան մշակույթի հետ առնչություն ունեցել: Այնպես որ, բրոնզե դարից մինչեւ երկաթե դար ներկայացնող շատ հետաքրքիր նյութեր են գտնվում: Իհարկե, այդ ուղղությամբ ուսումասիրություններ կատարելու կարիք կա, բայց եթե Հայաստանում տարեկան 40-50 արշավախումբ է աշխատում, ապա Արցախում այդ հնարավորությունը չկա»,- ասաց Դ. Միրիջանյանը:
Նա ընդգծեց, որ արժեքավոր իրերը հանձնելու հարցում մեր զինվորները բավական բարեխիղճ են, բացի այդ` նրանցից շատերը կարողանում են մանրամասն նկարագրել գտածոյի տեղանքը, որպեսզի մասնագետները կարողանան պատկերացում կազմել տվյալ միջավայրի մասին:
Մեր այն հարցին, թե որտեղ են վերականգնվում գտածոները, եւ արդյոք ՊՈԱԿ-ն ունի դրա համար անհրաժեշտ պայմաններ, փոխտնօրենը պատասխանեց. «Մենք համապատասխան մասնագետ չունենք, ունենք ֆոնդապահ, ով մի քանի շաբաթով վերապատրաստում է անցել եւ կարողանում է տեղում իրականացնել համեմատաբար ոչ բարդ վերականգնումներ: Սակայն եթե լուրջ, մանրակրկիտ աշխատանքի անհրաժեշտություն է զգացվում, մենք ռեստավրատորների կարիք ենք ունենում, բացի այդ` դրա համար պետք են համապատասխան պայմաններ` լաբորատորիա` լվացարաններով, մանրադիտակով եւ այլ պարագաներով, որոնք մենք չունենք»:
Փոխտնօրենի խոսքով` եթե սեփական ուժերով տեղում չի ստացվում վերականգնում կատարել, դա իրականացվում է Երեւանում` Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կամ Երեւանի պետական համալսարանի համապատասխան լաբորատորիայում:
«ՈՄԱՆՑ ԹՎՈՒՄ Է` ՍԱ ԷՐՈՏԻԿ ՖԻԼՄ Է»
Բազմաթիվ հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով այժմ նկարահանվում է «Աբելի քույրը» սերիալում, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ընդգրկված է մի կինոնախագծում, որը բավական ոգեւորել է իրեն: Մոսկվաբնակ հայ ռեժիսոր Բորիս Հայրապետյանը ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր Ալբեր Քամյուի «Կալիգուլա» պիեսի հիման վրա հեղինակել է մի կինոսցենար եւ նկարահանում է գեղարվեստական ֆիլմ. «Իհարկե, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, անկեղծ ասած` դերասանական կազմը չէր պատկերացնում` ինչ է արդյունքում ստացվելու, սակայն երբ տեսանք առաջին մասի տեսագրությունը, մեր ոգեւորությունը բազմապատկվեց: Ի դեպ, բոլորիս համար աշխատանքային պրոցեսը բավական բարդ էր»,-անկեղծացավ Ելենան:
Նկարահանումները մեկնարկել են 2015-ի աշնանը եւ կշարունակվեն առաջիկա ամիսներին: Օպերատորը Արտո Խաչատրյանն է: Ելենան մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն` Ցեզոնիային, Կալիգուլայի դերում Արամ Կարախանյանն է, ում հետ դերասանուհին դեռ վաղ տարիքում խաղացել է միեւնույն թատրոնում: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ռաֆայել Երանոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Արա Սարգսյանը եւ այլք:
«Ոչ կոմերցիոն արտ հաուս ֆիլմեր Հայաստանում գրեթե չեն նկարահանվում, ուստի սա լավ հնարավորություն է արտիստներիս համար, հատկապես, որ ըստ իս, ֆիլմն ունի նաեւ գեղարվեստական արժեք: Ի դեպ, լսելով ֆիլմի անունը` ոմանք, հիշելով ավելի վաղ նկարահանված «Կալիգուլա եւ Մեսսալինա» ֆիլմը (1981թ., Իտալիա, Ֆրանսիա), պատկերացնում են, թե դրանում առկա են էրոտիկ տեսարաններ, բայց մեր ֆիլմը այդ կինոնկարի հետ բացարձակ կապ չունի»,-եզրափակեց Ելենան:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԻՎԵՏԱՆ` ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում հանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ողջ ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ դաշնամուրային նվագակցությամբ եւ կենդանի կատարմամբ հնչեցրել «LoveWave» մրցութային երգը: Իվետա Մուկուչյանն ընդգծել է, որ հանգամանքների բերումով գիտի, թե ինչ է նշանակում հայրենիքից հեռու ապրելը եւ թե ինչ է նշանակում հայրենիքի սահմաններից հեռու որեւէ հայի տեսնելը: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով` մրցույթը լավ առիթ է Հայաստանի անունը հնչեցնելու ավելի քանի 40 երկրներում` շուրջ 200 մլն հեռուստադիտողի շրջանում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:
ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ` ՍԻԴՆԵՅՈՒՄ
Հայտնի հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Սիդնեյի օպերային թատրոնում ելույթ կունենա Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս մասին երաժիշտը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Համերգները տեղի կունենան մայիսի 4-ին, 6-ին եւ 7-ին: Համերգային ծրագրերում ընգրկված են Չայկովսկու, Շոստակովիչի եւ Ստենհոուպի ստեղծագործությունները: Նարեկ Հախնազարյանը կներկայացնի վերջինիս Թավջութակի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):
9-ՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Հոլիվուդյան սիրված դերասան Էդի Մերֆիի սուպերմոդել ընկերուհին՝ Փեյջ Բութչերը, լույս աշխարհ է բերել իրենց առաջին համատեղ երեխային։ Աղջկան անվանակոչել են Իզի Ունա Մերֆի։ Նշենք, որ եթե Բութչերի համար սա առաջին երեխան է, ապա հայտնի դերասանի համար՝ 9-րդը։ Հոլիվուդյան կատակերգությունների աստղը տարբեր կանանցից ունի 4 աղջիկ եւ 4 տղա։ Աղբյուրը հավելում է, որ Մերֆին եւ Բութչերը հանդիպում են 2011թ-ից։