Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել վարչապետի առաջարկի վերաբերյալ:
«Մայիսի 14-ին կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկմանը մասնակցելու՝ ՀՀ վարչապետի հրավերին ի պատասխան Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
2012թ.-ից ի վեր Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը Ազգային Ժողովում բազմիցս հանդես է եկել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի նախաձեռնություններով, հարցադրումներով եւ բացահայտումներով: Դրանց շարքում էին, մասնավորապես, «Համակարգված կոռուպցիա, մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում» (2012թ.) եւ «Համակարգված, համատարած կոռուպցիա» (2013թ.) հարցապնդումները, «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագիծը (2012թ.), գազամատակարարման եւ էլեկտրաէներգետիկական բնագավառներում չարաշահումների, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների կոռումպացվածության վերաբերյալ ներկայացված փաստերը եւ այլն:
Բոլոր այս հարցադրումները ըստ էության մնացել են անարձագանք: Իշխանությունները ավելի շատ հանդես են եկել կոռուպցիայի եւ մենաշնորհների փաստաբանների դերում: Կառավարության կողմից ստեղծված բազմաթիվ մարմինները (2009 եւ 2015 թվականներին ստեղծված «կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդները»), մշակված ռազմավարական ծրագրերը («Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման» 2003-2007թ.թ., 2009-2012թ.թ. եւ 2015-2018թթ. միջոցառումների ծրագրերը, «ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը» ՝ կոռուպցիայի մասով) ոչ միայն կրել են բացառապես իմիտացիոն բնույթ, այլեւ ծառայել են որպես իշխանությունների կոռուպցիոն գործունեության քողածածկույթ:
Մեր համոզմամբ, կոռուպցիան եւ մենաշնորհները Հայաստանում կրում են համակարգային բնույթ, իսկ կոռուպցիոն բուրգը ներառում է ամբողջ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունը: Հետեւաբար, եթե իշխանությունները իսկապես ցանկանում են արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, ապա պետք է առաջնահերթ կատարեն հետեւյալ քայլերը.
1. Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ ընդունել հակամենաշնորհային օրենսդրության փաթեթը՝ համաձայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության կողմից 2012թ.-ին ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագծի դրույթների (մասնավորապես, տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը սահմանափակելով շուկայի 33.33%-ով), ինչին պետք է անհապաղ հետեւի բոլոր շուկաներում մենաշնորհների վերացումը:
2. Ստորագրել եւ վավերացնել ՄԱԿ-ի 2003թ.-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան՝ հանելով 20-րդ հոդվածի նկատմամբ նախկինում Հայաստանի կողմից կատարված վերապահումը: Նշված հոդվածը որպես քրեորեն պատժելի արարք է որակում «ապօրինի հարստացումը», այսինքն՝ «պետական պաշտոնյայի օրինական եկամուտները գերազանցող ունեցվածքի այնպիսի նշանակալի ավելացումը, ինչն այդ անձը չի կարող հիմնավոր կերպով բացատրել»: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, ստուգել Հայաստանի բոլոր պաշտոնատար անձանց ունեցվածքի եւ եկամուտների համապատասխանությունը:
3. Գիտակցելով, որ կոռուպցիայի եւ մենաշնորհների հաղթահարման լավագույն միջոցը օրինական ընտրություններով ընտրված, ժողովրդի առջեւ հաշվետու եւ նրա վստահությունը վայելող իշխանության ձեւավորումն է, անհապաղ ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմությանը՝ ընդունելով նրանց կողմից ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկները եւ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ փոխհամաձայնության հիման վրա անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:
Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարում հասարակության աջակցությունն ակնկալող իշխանությունը պարտավոր է նախեւառաջ կատարել նման գործնական քայլեր, այլապես դրա շուրջ որեւէ քննարկում հերթական անգամ վերածվելու է էժանագին թատրոնի եւ ընդամենը ծառայելու է որպես հանրությանը մոլորեցնելու միջոց: Հայ Ազգային Կոնգրեսը նման ներկայացմանը մասնակցելու որեւէ ցանկություն չունի: