ՊՆ-ն նոր մանրամասներ է հրապարակել Վայոց Ձորում պայմանագրային զինծառայողի զոհվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և  ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:

Զինված ուժերի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը սահմանագոտու ամբողջ երկայնքով և շարունակում վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը:




Լրահոս