ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՈՆՆԵ՞Ր ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Եվրոպա-Ռուսաստան երկընտրանքի  առջեւ կանգնած ՀՀ իշխանությունները հայտնվել են անելանելի վիճակում: Ակնհայտ է, որ ցանկացած ընտրության դեպքում երկրի ներսում լրջագույն խնդիրներ են առաջանալու, եւ Սերժ Սարգսյանի աթոռը կարող է երերալ` եվրոպական կամ ռուսական շրջանակների  ակտիվ ջանքերով: Ուստի իշխանությունները փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել` հնարավորինս  ամրապնդելով իրենց ներքաղաքական հենարանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ իշխանության ներսում քննարկում են ոչ կոալիցիոն ուժերի հետ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարը: Մասնավորապես քննարկվում է երկու տարբերակ. առաջինը՝ պաշտոնապես կուսակցությունների հրավիրել ազգային համաձայնության կառավարություն, երկրորդը` կոնկրետ անձերի հրավիրել ու տարբեր պաշտոններ տալ:
Ինչպես հայտնի է, նախկին ՀՀՇ-ական Արա Սահակյանն արդեն նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան, այս օրերին քննարկվում է «Դաշնակցության» գործիչներին դեսպաններ նշանակելու հարցը:
«Ժողովուրդ»-ը փորձեց քաղաքական գործիչներից պարզել նրանց տեսակետն այս հարցի շուրջ:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ
-Պարո՛ն Քոչարյան, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը պատրաստվում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, որտեղ հրավիրելու են նաեւ Ձեզ: Դուք կհամաձայնե՞ք լինել այդ կառավարության անդամ:
-Ձեզ այդ տեղեկությունները որտեղի՞ց: Հիմա մամուլում այնքան խայտառակ տեղեկություններ են հրապարակվում:
-Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները պատրաստվում են Ձեզ եւս պաշտոն առաջարկել: Իրականում նման բան կա՞:
-Դուք արդեն գիտեք, որ ինձ հրավիրել են ու պաշտո՞ն առաջարկել:
-Նշվում է, որ Ձեր պաշտոնը լինելու է Ձեզ հոգեհարազատ ոլորտում, այսինքն՝ ՀՀ ՊՆ-ում:
-Փաստորեն պարզվում է, որ Դուք բոլորդ տեղեկացված եք, բացի ինձանից: Ինձ որեւէ առաջարկ չի եղել, ու ես կարծում եմ, որ իմ գործունեությունը հանրային դաշտում հիմք է տալիս ինձ ասելու, որ բացառվում է՝ նման առաջարկ լինի: Որովհետեւ պարոն Քոչարյանը բավական ակտիվ մասնակցություն է ունեցել մարտի 1-ի բացահայտման մեջ, բազմաթիվ հարցերի հետ կապված՝ ունեցել է այնպիսի տեսակետ… այդպիսի տեսակետներ ունեցող մարդուն նման առաջա՞րկ կանեն: Դա նշանակում է, որ իրենք ընդունում են այդ տեսակետները: Այսօր ես ՀՀ իշխանությունների կողմից նման մոտեցում չեմ տեսնում: Թե՛ հոկտեմբերի 27-ի, թե՛ մարտի 1-ի բացահայտման գործում… եւ ընդհանրապես, մեր երկրի այսօրվա համակարգային փոփոխությունների հետ կապված, նման բան ես, անկեղծ ասած, չեմ տեսնում:
-Եթե նման առաջարկություն արվի, չե՞ք ընդունի:
-Դիմե՛ք այն աղբյուրին, որից ինֆորմացիա եք ստանում, պարոն Քոչարյանը նման տեղեկության չի տիրապետում:
-Վերջին շրջանում ընդդիմադիր համարվող կուսակցության ներկայացուցիչներին եւս նման պաշտոնների առաջարկություններ են արվել. փաստորեն, իշխանությունները փորձում են պաշտոններով կաշառել…
-Ես չգիտեմ, կաշառվողը կաշառվում է, չկաշառվողը չի կաշառվում: Մինչեւ հիմա կաշառվողները բոլորն էլ հայտնի են, առայժմ ես եւ իմ ընկերները չենք կաշառվել, եթե կաշառվելու լինեինք, վաղուց արդեն կաշառվել էինք՝ շատ ավելի շուտ՝ դեռեւս 2008 թվականից հետո: Կարծում եմ՝ այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ կաշառվեցին: Ի՞նչ կաշառվելու մասին է խոսքը: Օր ծերության մարդը կաշառվո՞ւմ է: Կաշառվեինք, կկաշառվեինք ավելի շուտ:
-Իշխանությունը որոշել է ՀՅԴ անդամներին տարբեր երկրներում դեսպաններ նշանակել…
-Դաշնակների հետ մեզ մի՛ համեմատեք, ես եւ իմ ընկերները՝ այսինքն Վազգենի անմիջական շրջապատի մարդիկ, նրանք որեւէ էժան գործընթացների չեն կարող մասնակցել, այն, ինչը դեմ է մեր հանրությանը: Այստեղ կաշառվելու խնդիր չկա, խնդրում եմ՝ այս դաշտում նման մարդկանց մի՛ փնտրեք, փնտրե՛ք այնտեղ, որտեղ այդ կաշառվելը կարող է լինել:
-Բայց գուցե նման կառավարությունն օգնի, որ երկիրն այսօրվա ճգնաժամային վիճակից դուրս գա: Ինչո՞ւ եք միանգամից «բոյկոտում» այդ գաղափարը:
-Դա լոզունգներով չի լինում, դա կոնկրետ գործողություններով է: Եթե իշխանությունները կոնկրետ գործողություններով ցույց տան, որ իրենք ուզում են երկրում որեւէ բան փոխել, ապա քայլեր կանեն, բայց այսօրվա դրությամբ ես նման բան չեմ տեսնում: Կարծում եմ՝ այժմ ուղղակի փորձում են տրամադրություններ շոշափել:
-Իսկ Դուք ի՞նչ եք անում երկրում որեւէ բան փոխելու համար:
-Ակտիվ գործողությունս եղել է մարտի 1-ի Փաստահավաք խմբի գործունեությունը, որի արդյունքում 5 զեկույց է գրվել ու ներկայացվել հանրությանը, դա քի՞չ է: Դեռ լուծման շարունակությանն ենք սպասում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, մեր տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են  ազգային համաձայնության կառավարություն ստեղծել եւ համագործակցության հրավիրել կուսակցությունների ու անհատների: Նշվում է, որ իշխանությունը պատրաստ է անգամ պորտֆելներ «զիջել»: ԲՀԿ-ն նման առաջարկ ստացե՞լ է:
-Ես անլուրջ թեմաներ չեմ ցանկանում քննարկել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են փոխվարչապետի պաշտոնն առաջարկել «Սիլ կոնցեռն»-ի նախագահ Խաչատուր Սուքիասյանին: Այս տեղեկությունը, սակայն, չկարողացանք ճշտել Խ. Սուքիասյանից, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս