ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՈՐՈՇՎԵՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում քաղաքական թեժ աշուն է սպասվում: Ընդ որում, հիմնական գործընթացները ծավալվելու են արտաքին քաղաքական հողի վրա: Ինչպես հայտնի է, այսօր Մոսկվայում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի լրատվական ծառայությունն արդեն «գաղտնազերծել է» առաջիկա հանդիպման օրակարգը, որտեղ շեշտը դրված է Մաքսային միասնական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի վրա:
«Նախանշված է քննարկել ինտեգրացիոն գործընթացների զարգացումն ԱՊՀ տարածքում: Մասնավորապես, Մաքսային միության եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները, ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ գործակցության ակտուալ հարցեր: Ենթադրվում է, որ բանակցությունների կարեւոր թեմա կհանդիսանան Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերը՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,-հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշկովը:
Նկատենք, որ նման հանդիպումների օրակարգը շատ հազվադեպ է հրապարակվում նախապես: Ու եթե ՌԴ-ն գնացել է այդ քայլին, նշանակում է, որ Սերժ Սարգսյանին ի սկզբանե քաղաքական շանտաժի է ենթարկում, քանի որ ՌԴ-ի համար անցանկալի է ՀՀ-ի՝ դեպի եվրաինտեգրացիա ճանապարհը:
Զարմանալի «զուգադիպությամբ» երեկ՝ մոսկովյան այցի նախօրյակին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտարարել է. «Եվրոպական միության հետ սերտ համագործակցություն կա, ինչի շուրջ ընթացող բանակցությունները հաջող ընթացքի մեջ են»: Իսկ արդեն լրագրողների հետ զրույցում դեսպանն ասել է. «Չնայած ԱՄՆ-ն այս գործընթացի մաս չէ, սակայն ես կողմերին այդ հաջողության համար իմ գովեստի խոսքերն են ուզում հղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար լավ է, այն կարեւոր գործընթաց է եւ հաջող է ընթանում»: Ինչ վերաբերում է ԵՄ համաձայնագրի նախաստորագրման դեպքում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարդացմանը, դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ինքը պետք է որոշի, թե որ կառույցի հետ է ցանկանում ընթանալ:
«ԵՄ, թե Մաքսային միություն» երկընտրանքին ԱՄՆ միջամտությունը, այն էլ դեսպանի մակարդակով, այն էլ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից առաջ, պատահական չէ: Ակնհայտ է, որ այս խնդրի լուծումը հեշտ չի լինելու, եւ իշխանությունները կփորձեն հնարավորինս ժամանակ ձգել՝ հստակ պատասխան տալու համար: Համենայնդեպս, ինչպես պնդում են փորձագետները, դժվար է կանխատեսել՝ այսօր Մոսկվայում Ս. Սարգսյանի նկատմամբ լուրջ ճնշումներ կգործադրեն ու կփորձեն հենց այդ հանդիպման ժամանակ պատասխան կորզել, թե ժամանակ կտան կողմնորոշվելու համար: Սա կերեւա առաջիկա օրերին:
Իսկ մինչ այդ եւս մեկ ուշագրավ փաստ. նախորդ շաբաթ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարը, իսկ երեկ էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ինքը, հայտարարել են առաջիկայում «թեժ կամ հետաքրքիր աշնան մասին»: Թե ինչ է սա նշանակում, մնում է միայն կռահել:
Ի դեպ, երեկ՝ Ս. Սարգսյանից մեկ օր առաջ, Մոսկվա է մեկնել ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ` քննարկելու երկկողմ համագործակցությանը, հունիսին Պատրուշեւի՝ Երեւան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Բացի այդ, Բաղդասարյանը հանդիպելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ նրա հետ քննարկելու Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական գործակցությանը, ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սակայն դժվար չէ կռահել, որ այս այցը եւս կապված է «ԵՄ, թե Մաքսային միություն» դիլեմայի հետ: Թե ինչ է փորձելու անել Ա. Բաղդասարյանը՝ նախապես այցելելով, դժվար է այս պահին ասել: Բայց հազիվ թե Ս. Սարգսյանի մոսկովյան այցից մեկ օր առաջ այնտեղ հայտնվելը պատահական լիներ: Չի բացառվում, որ նա, ինչպես նաեւ էլի որոշ չինովնիկներ, այս պահին կատարել է սուրհանդակի առաքելություն ու շուտ է մեկնել՝ որոշ բաներ նախապես փոխանցելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս