ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
Երեկ լրացավ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հինգերորդ ամիսը: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց բողոքի ակցիա էին  կազմակերպել Մուրադյանի հարազատներն ու համագյուղացիները: Ակցիայի մասնակիցներից երեք հոգի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գլխավորությամբ մտան ոստիկանության գլխավոր վարչության շենք` հանդիպելու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ տեղեկանալու, թե հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում:

ԷԼԻ ՔԱՇՔՇՈՒԿՈ՞Վ
Սոցիալական ապահովության պետական ծառայությունից եւ «Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այս ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է սեպտեմբերի 4-ից՝ օրվա երկրորդ կեսից:

ԹԱՓԱՌՈՂ ԵՎ ԱՆՍԹԱՓ
Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին երեկ ոչ սթափ վիճակում բերման է ենթարկվել ոստիկանություն: Դավիթ Նավասարդյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ` հայհոյանքներ տալով ու թքելով նրանց ուղղությամբ: Արդյունքում բնակիչները ահազանգել են ոստիկանություն, եւ իրավախախտները բերման են ենթարկվել: Հիշեցնենք, որ  բոլորովին վերջերս Հենրիկ Նավասարդյանը հավաստիացնում էր, որ իր որդիները կապ չունեն ակտիվիստների հետ տեղի ունեցած քաշքշուկի հետ. «Իմ տղաներն ամեն մեկն իր զբաղմունքը, նախասիրությունն ունի, իմ տղաները փողոցում թափառողներ չեն, պարապ չեն»:

ՎԵՐԱԴԱՐՁ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության օրվա առթիվ: «Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, եւ ինքնորոշման փաստը՝ անբեկանելի… Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլեւս չի լինելու»,-մասնավորապես ասված է ուղերձում:

ԲԱ ՍԵ՞ՐԺԸ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածությանը, երեկ ասել է. «Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է մեկ միլիոնից ավելի հայություն, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան՝ օգնելով ընտանիքին եւ հարազատներին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում»:

ՈՒԶՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է տարածել` տեղեկացնելով, որ   մտադիր է շուտով հեռանալ քաղաքականությունից: Նամակում նա հայտարարում է, որ վարչապետի եւ կոալիցիայի ղեկավարի իր գործառույթներն իրականացված են: Նա կհեռանա քաղաքականությունից, երբ համոզվի, որ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան հոկտեմբերի 27-ին, հաջող են անցել: Միեւնույն ժամանակ նա նշել է, թե կարող է քաղաքականություն վերադառնալ, «եթե դրա անհրաժեշտությունը լինի»: Փաստորեն, ինչպես ասում են, մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ:

ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ Է
NEWS.am-ի տվյալներով` ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը նշանակվելու է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս:

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ 67 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է Լ. Անանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ գրչակից ընկերներին:




Լրահոս