Շուրջ երեք օր է, ինչ Մաշտոցի պողոտայում քաոսային իրավիճակ է տիրում: Պատճառը բոլորին հայտնի Պրոսպեկտի Փակ շուկան է: Մի կողմից քաղաքացիական ակտիվիստները պահանջում են շուկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ենթարկել պատասխանատվության եւ նրան հարկադրել հատուցել հուշարձանին հասցված վնասը, մյուս կողմից էլ քաղաքացիների մի խումբ պաշտպանում է պատգամավորին՝ ակտիվիստներին համարելով գրանտակեր:
Եվ այսպես, շուկայի շուրջ մարած բողոքի ակցիաները վերսկսվեցին օգոստոսի 31-ին: Այդ օրը՝ ժամը 2-ին, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիայի մասնակիցները երթով հասան Փակ շուկայի տարածք՝ իրենց բողոքն արտահայտելու շուկայի սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի կողմից ճարտարապետական շինությանը հասցված վնասի համար, սակայն պատգամավորն էլ «զինված» էր: Նա էլ իր հերթին կոնսոլիդացրել էր շուկայի տարածքում ապրող բնակիչներին, որոնք էլ բողոքում էին ակտիվիստների պահվածքից: Եվ այդպես ժամեր շարունակ երկու կողմերի հեռակա «բանավեճը» վերածվեց քաշքշուկի ու միմյանց հասցեին հնչող փոխադարձ վիրավորանքների: Իսկ ոստիկանությունը հսկում էր կողմերին՝ փորձելով հանգստացնել:
«Ի՞նչ եք ուզում, մի օր գայիք, ապրեիք շուկայի տարածքում, այն ժամանակ կհասկանայիք, թե ինչ պայմաններում էինք մենք ապրում: Զուգարանի հոտ էինք շնչում, առնետների հետ էինք ապրում, մի՞թե վատ է արել այդ մարդը, որ տարածքը մաքրել է ու ավելի բարեկարգ միջավայր է ստեղծում: Հեռացե՛ք, թողե՛ք ապրենք»,-ահա այսպես դժգոհում էին բնակիչները՝ ակտիվիստներին հորդորելով հեռանալ: Սակայն «հուշարձանապահպան» ակտիվիստներն էլ պահանջում էին դադարեցնել անօրինական շինարարությունը. «Ծախվածնե՛ր, ինչքա՞ն գումար է ձեզ տվել Սամվել Ալեքսանյանը, որ նրան եք պաշտպանում: Վե՛րջ օլիգարխիային, դադարեցրե՛ք շինարարությունը»:
Ու երբ վճաբանությունը թեժացավ, ոստիկանությունը ստիպված եղավ մի շարք քաղաքացիների՝ ե՛ւ պատգամավորի կողմնակիցներից, ե՛ւ ակտիվիստներից, բերման ենթարկել, որոնց ավելի ուշ ազատ արձակեցին:
Իրավիճակը պայթյունավտանգ էր նաեւ սեպտեմբերի 1-ին: Ոստիկանությունը պատ էր կազմել երկու կողմերի միջեւ, ինչի շնորհիվ հաջողվել էր խուսափել բախումներից:
Երեկ հերթական անգամ շուկայի տարածքում իրավիճակը բավական թեժ էր: Պատգամավորին պաշտպանողների թիվը եռապատկվել էր, եւ վերջիններս, ի տարբերություն մյուս օրերի, ավելի լուրջ էին պատրաստվել բողոքի ակցիային: «Հեռացե՛ք, գրանտակերնե՛ր», «Ո՛չ սուտ ընդդիմախոսներին, այո՛ աշխատատեղերին», «Ալեքսանյան բարերա՛ր», «Շուկայի բացումը շուտով, 700 աշխատատեղ»՝ այսպիսի վանկարկումներով ու պաստառներով շուկայի տարածքում իրենց բողոքն էին արտահայտում Ս. Ալեքսանյանի կողմնակիցները: Ներկաները սպասում էին քաղաքացիական ակտիվիստների ժամանելուն, իսկ ոստիկանությունն էլ՝ հնարավոր բախումների կանխարգելմանը, սակայն ակտիվիստներն առավել քան պասիվ կեցվածք դրսեւորեցին. նրանք այդպես էլ չեկան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքացիական ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտում են Մաշտոցի պուրակում եւ չեն պատրաստվում գնալ շուկայի տարածք, որպեսզի խուսափեն հնարավոր բախումներից եւ սադրանքներից: Բայց, չնայած սրան, շուկայի տարածքից երկու տղամարդ, ինչպես նաեւ Վարդգես Գասպարին, բերման ենթարկվեցին ոստիկանություն:
Այն, որ երկու կողմերն էլ իրենց բարձրացրած հարցում արդարացի են, անժխտելի է: Բայց փաստ է նաեւ այն, որ Ս. Ալեքսանյանը չէր կարող քանդել Փակ շուկան, եթե ՀՀ մշակույթի նախարարությունն իր համաձայնությունը չտար, եւ շուկան չէր վաճառվի ու այսօր էլ չէր դառնա «հայոց հարց», թե ինչպես է պատմական հուշարձանը ոչնչացվում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Փակ շուկա-հուշարձանի վաճառքի մասով պարզաբանումներ ստանալ մշակույթի նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ Մաշտոցի պողոտայի Փակ շուկան գնել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն հետագա բարդությունները կանխատեսելով՝ որոշ ժամանակ անց՝ 2011թ., շուկան վաճառեց Սամվել Ալեքսանյանին: Ու այդ ողջ ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «ուղտի ականջում քնած էր»:
Ո՞ՒՄ ՄԵՂՔՈՎ ԲԱՑՎԵՑ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ԹԵՄԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ