Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը՝ ներգրավվելով Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին. նման հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:
“Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում: Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներե,- ասել է նա: Բացի այդ, Վ. Պուտինն ու Ս.Սարգսյանը ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ, ի թիվս այլ դրույթների, ամրագրված է. ,Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի եւ Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում”:
ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, փակ դռների հետեւում Պուտին-Սարգսյան հանդիպումը սկզբում ընթացել է բավական ծանր մթնոլորտում: Սկզբում Պուտինը բավական կտրուկ է եղել իր խոսքերում եւ պահանջներում: Ս.Սարգսյանն էլ սկզբում փորձել է համոզել, թե ինքը չի ցանկանում դրժել խոստումները: Բայց ի վերջո տեղիք է տվել, որից հետո մթնոլորտը փոխվել է: Խոսք է գնացել նաեւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին, եւ Ս. Սարգսյանը պնդել է, որ ցանկանում է այնուամենայնիվ գնալ “եւ-եւ”-ի սկզբունքով, իսկ մնացածը պարզ կլինի հետագայում: Ի պատասխան Պուտինն ասել է, թե դա արդեն Սարգսյանի որոշելու հարցն է: Այս ամենից հետո, երբ պարզ է դարձել Ս.Սարգսյանի դիրքորոշումը, կողմերը նաեւ խոսել են ՌԴ-ի կողմից Հայաստանում տնտեսական ներդրումների մասին:
ԻՆՉ Է ԽՈՍՏԱՑԵԼ ՌԴ-ն
Իհարկե, պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ երկու երկրները պատրաստակամություն են հայտնել Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը եւ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում: Սակայն մեր աղբյուրները հաղորդեցին առավել առարկայական պայմանավորվածությունների մասին. ըստ այդմ, Պուտինն ու Սարգսյանը պայմանավորվել են, որ ՌԴ-ն ներդրումներ է անելու երկաթուղու վրա, Ատոմակայանի գործունեության ժամկետը, թերեւս, կերկարաձգվի մինչեւ 2028 թվականը, իսկ նոր ատոմակայանի կառուցման ծախսերի առյուծի բաժինը դարձյալ կանի ՌԴ-ն:
ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԲՈԼՈՐԻՆ ԵՎ
ՈՉ ՄԵԿԻՆ
Թե ինչպես է այսքանից հետո Ս.Սարգսյանն իրագործելու իր ,եւ-եւե սկզբունքը, եթե եւ ՌԴ-ն, եւ ԵՄ-ն կոնկրետ գործողությունների դեպքում պահանջում են “կամ-կամ”, դժվար է կռահել: Բայց երեկվա հանդիպումից կարելի է արձանագրել հետեւյալը. Սերժ Սարգսյանը “ԵՄ, թե՞ ՌԴ-ի մաքսային միասնական միություն” դիլեման գոնե այս պահին լուծեց հօգուտ ՌԴ-ի, քանի որ իր իշխանությանը սպառնացող վտանգը տեսավ հենց ՌԴ-ից:
Իհարկե, չի բացառվում, որ վերադառնալով Հայաստան կամ առաջիկայում մեկնելով եվրոպական որեւէ երկիր՝ նա, այնուամենայնիվ, հայտարարի նաեւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին: Ի վերջո, այս տարիների ընթացքում Ս.Սարգսյանի իշխանությունը փորձել է արտաքին ճակատում առաջ շարժվել կողմերին խոստումներ տալու եւ այդ խոստումները չկատարելու, ասել է թե՝ խաբելու ճանապարհով:
Միայն թե այս դեպքում արդեն Սերժ Սարգսյանն ամեն ինչ շատ է խորացրել. ի վերջո, վերջին տարիներին ՀՀ իշխանությունները բավական ինտենսիվորեն բանակցություններ էին վարում ԵՄ-ի հետ, գրեթե ամբողջությամբ ավարտել էին ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը, որը նախատեսված է նախաստորագրել նոյեմբերին: Իսկ հիմա էլ ՌԴ-ում հայտարարում է Մաքսային միությանը միանալու ցանկության մասին ու նույնիսկ հայտարարություն ստորագրում: Չի բացառվում, որ այսքանից հետո ցանկացած գործողություն շուռ գա Սերժ Սարգսյանի դեմ:
ՈՎ ԷՐ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Իսկ որ Ս.Սարգսյանն այս փուլում կհամաձայներ Մաքսային միասնական միությանն անդամակցելու տարբերակին, դժվար չէր ենթադրել. ի վերջո, հիշենք նրա անցյալը, խորհրդային տարիներին կուսակցական լուրջ պաշտոններ է զբաղեցրել Ղարաբաղում, իսկ տարիներ առաջ, երբ դեռ ՀՀ պաշտպանության նախարարն էր, ՌԴ հատուկ ծառայությունների կողմից արժանացել է մեդալի: Ուստի պարզապես չի կարող հակադրվել Վլադիմիր Պուտինին:
ԻՆՉՈՒ, ԱԽ ԻՆՉՈՒ…
Թեեւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն այս քայլին գնացել է ճնշումների հետեւանքով: Ի վերջո, ՌԴ-ն ունի բավական լծակներ. հիշենք ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ սահմանին, գազի սակագնի բարձրացումը, ինչպես նաեւ ՌԴ իշխանությունների պարբերաբար արած հայտարարությունները իրենց երկրում ապրող հայերի մասին, նաեւ վերջին շրջանում անօրինական միգրանտների նկատմամբ վերաբերմունքի խստացումը: Այնինչ վերջին օրերին ՌԴ-ն մեղմել է վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ, ու Հայաստան ՌԴ-ից զանգվածային ներհոսք չի նկատվում, ավելին, օրերս ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ՌԴ-ի հետ ավարտվել են գազի սակագնի սուբսիդավորման վերաբերյալ բանակցությունները:
ԽԱԲՎԵ՞Ց ԱՐԴՅՈՔ ԵՎՐՈՊԱՆ
Միայն թե հետաքրքիր է՝ Ս.Սարգսյանն արդյոք իր այս քայլը ճշտե՞լ է եվրոպայի հետ, երբ վերջերս մասնավոր այցով հայտնվեց Խորվաթիայում (նավի վրա ունեցած կարեւորագույն զրույցների ժամանակ), թե՞ սա ԵՄ-ի համար անակնկալ էր: Համենայն դեպս, այս ողջ ընթացքում Ս.Սարգսյանը փորձել է Հայաստանի՝ իբր դեպի եվրոինտեգրացիայի մասին հայտարարություններն օգտագործել բացառապես իր իշխանությունը պահելու նպատակով՝ այդպես փորձելով եվրոպացիներից լեգիտիմություն կորզել: Հիմա նույնն է անում նաեւ ՌԴ-ի հետ խաղում:
Նշենք, որ ԵՄ-ն երեկվա դրությամբ դեռեւս չէր արձագանքել կատարվածին: ԵՄընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն, ,Ազատությունե ռ/կ-ի հետ զրույցում միայն ասել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետեւում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը:
Հ.Գ. Իմիջիայլոց, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ. ապրիլի 4-ին ռուսական ,Կոմերսանտե թերթին տված հարցազրույցում ասել է հետեւյալը. “Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ։ Դա անիմաստ կլիներ… Մաքսային միությունը մեզ համար չի հանդիսանում այնպիսի գործիք, որը պետք է եկամտաբեր լինի տնտեսվարող սուբյեկտների համար”: Փաստորեն, Սարգսյանը հակասեց ինքն իրեն:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 609 համար