Երևանի երեք տան տանիքներում ուժեղ քամու հետևանքով հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Երեւանում գրանցվել է մինչեւ 24 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան եւ Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ արագությամբ քամի:

Ժամը 15:00-ից ՃԿԱԿ «911» ծառայությունում գրանցվել է 40-ից ավելի դեպք: Ահազանգեր են գրանցվել Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերից` տանիքների թիթեղների վնասվելու վերաբերյալ:

Գրանցվել է 3 տան տանիքներում հրդեհի բռնկման ահազանգ՝ Երեւան քաղաքի Շիրակի, Պարոնյան եւ Վշտունի փողոցներում (էլ. լարերի կարճ միացում):

Մայրաքաղաքի եւ վերոնշյալ մարզերի փողոցներում առկա են ընկած ծառեր, որոնք խոչնդոտում են երթեւեկությանը: Օրբելի-Կիեւյան փողոցների խաչմերուկում քամու հետեւանքով վնասվել է փողոցի լուսացույցը, առաջացել է խցանում: Վնասվել է Թաիրովի 14 հասցեում գտնվող պետավտոտեսչության վարչական շենքի տանիքը` վնասելով մոտակայքում գտնվող 3 ծառայողական ավտոմեքենա:

Ժամը 16:00-ի դրությամբ Երեւանում քամու ուժգնությունը կազմել է 28 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 25 մ/վրկ, Ապարան եւ Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 22 մ/վրկ, Արարատի մարզում՝ 19 մ/վրկ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 20 մ/վրկ, իսկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ:




Լրահոս