ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ի
Oxfam կազմակերպությունը կանանց եւ տղամարդկանց հավասարությունը քարոզելու նպատակով հետաքրքիր ակցիա է նախաձեռնել եւ Ազգային ժողովի միջանցքում փակցրել է պատգամավորների, մարզիկների, դերասանների լուսանկարներ: Դրանցում կան ե՛ւ կին, ե՛ւ տղամարդ պատգամավորներ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ձեռքերով հավասարության ժեստ է ցույց տալիս։
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը կարող է անձին չտրամադրել լրացուցիչ հետազոտման ուղեգիր: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:
Ժաննա Մանուկյան (53 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը իրավասություն ունի լրացուցիչ հետազոտման ուղեգիր չտրամադրել հետեւյալ դեպքերում՝
ա) ախտորոշման ճշտման,
բ) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում,
գ) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու,
դ) ինչպես նաեւ անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: (Հիմք Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետ):
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ անձին հաշմանդամ ճանաչելու եւ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:
ՀԱՐՑ. Ես գտնվում եմ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Ցանկանում եմ իմանալ՝ այս դեպքում ես իրավունք ունե՞մ օգտվել սոցիալական փաթեթից (ցանկանում եմ մեկնել հանգստի):
Լիաննա Պողոսյան (28 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում սոցփաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում: Սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պայմանագիրն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարում նախատեսվող գումարները փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին: