Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի արձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող-հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Հրանտ Մաթեւոսյանի որդուն՝ Դավիթ Մաթեւոսյանին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:
Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաեւ մեծ գրողի ընտանիքի անդամներն ու նրա արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մեծն արձակագրի անունը կրող դպրոցի բակում ազգային էության ու կեցվածքի խորհրդանիշ դարձած Հրանտ Մաթեւոսյանի արձան ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր. “Շատ ուրախ ենք, որ այսօրինակ, այն էլ հեղինակավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի այս գործն այսօր տեղադրվում է դպրոցի բակում: Նաեւ անհրաժեշտություն էր, որ Հրանտ Մաթեւոսյանի որակի, հատկանիշների, ազգային էության ու կեցվածքի խորհրդանշումը քանդակի տեսքով լիներ դպրոցի բակում՝ այդպիսով մնալով որպես մեզ անընդհատ հուշող, շարունակ հորդորող ու ճանապարհ ցույց տվող խորհրդանիշ: Հրանտ Մաթեւոսյանի մեծությունը նախեւառաջ չափվում է իր ստեղծագործություններով ու նաեւ համաշխարհային իր կշռով: Բայց նաեւ մենք օրինակ ունենք վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսեւորումներից  եւ, իհարկե, իր յուրօրինակ տեսակից”,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դպրոցի փոքրիկ սաների ուղեկցությամբ ծանոթացել է նաեւ ինչպես բակում ցուցադրված, այնպես էլ դպրոցի շենքում առկա մաթեւոսյանական շնչով լեցուն նկարներին եւ հայկական ավանդական ցուցանմուշներին:




Լրահոս