ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ ԿԿՐԻ ՀԵՆՐԻԽԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում խոսեց այսօր՝ ժամը 20-ին, «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպման մասին։
Երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ է հարկավոր մեր հավաքականին եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար, գլխավոր մարզիչը պատասխանեց, որ մտածում են միայն Դանիայի հետ խաղի մասին: Չեխիայի հետ կայացած ծանր հանդիպումից հետո ամեն ինչ արվել է, որ մեր խաղացողները վերականգնվեն: Վ. Մինասյանը դեռեւս չգիտի՝ Արազ Օզբիլիսը կխաղա, թե ոչ. «Նա սննդի հետ կապված խնդիր ուներ եւ պետք է կրկին հետազոտվի: Հուսով եմ, որ լավ կլինի»: Իսկ Ռոման Բերեզովսկուն 20 օր է հարկավոր ապաքինվելու համար, եւ նրա բացակայության ընթացքում ավագի թեւկապը կրելու է Հենրիխ Մխիթարյանը: Ինչ վերաբերում է դանիացիների խաղին, ապա դիտել են Դանիայի վերջին խաղը եւ պարզել, որ նրանք իրենց խաղաոճը չեն փոխել, սակայն ուղղվածության փոփոխություն կա: Կազմը երիտասարդացնում են։

ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՄՆԱՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎ
Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ Բուենոս Այրեսում ընթացող 125-րդ նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում 2020թ. ամառային օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը ստացավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն՝ եզրափակիչ փուլում հաղթելով Ստամբուլին: Հիշեցնենք, որ այդ իրավունքի համար պայքարում էր նաեւ Մադրիդը, որը քվեարկության առաջին փուլում պայքարից դուրս էր մնացել։
Ստամբուլի շնորհանդեսին մասնակցում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Տոկիոյի շնորհանդեսին՝ Ճապոնիայի վարչապետ Աբեն, Մադրիդի շնորհանդեսին՝ Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպեն եւ վարչապետ Ռախոյը: Ստամբուլը 5-րդ անգամ էր փորձում դառնալ օլիմպիական մայրաքաղաք: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում էր երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Առաջին անգամ Տոկիոն եղել է օլիմպիական մայրաքաղաք 1964թ.:
ՄՕԿ 125-րդ նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում ըմբշամարտը մնաց օլիմպիական ծրագրում: Այդ մարզաձեւը ստացել է 49, բեյսբոլ-սոֆտբոլը՝ 24, սքվոշը՝ 22 ձայն: Ահա օլիմպիական մյուս 25 մարզաձեւերը՝ աթլետիկա, ջրային մարզաձեւեր, ֆուտբոլ, բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, մականախաղ, բռնցքամարտ, ձյուդո, թաեքվոնդո, թիավարություն, բայդարկա եւ կանոե, հեծանվասպորտ, ձիասպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, ժամանակակից հնգամարտ, տրիատլոն, բադմինտոն, թենիս, սեղանի թենիս, հրաձգություն, նետաձգություն, առագաստանավային սպորտ:
Իսկ այսօր կընտրվի ՄՕԿ-ի նոր նախագահը։ Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործող նախագահ Ժակ Ռոգեն վայր կդնի իր լիազորությունները, իսկ նախագահի թեկնածուները 6-ն են՝ Թոմաս Բախ՝ Գերմանիա, Սեր Միանգ՝ Սինգապուր, Ռիչարդ Կերրիոն՝ Պուերտո Ռիկո, Դենիս Օսվալդ՝ Շվեյցարիա, Սերգեյ Բուբկա՝ Ուկրաինա, Չինգ Վու՝ Թայվան:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս