Ո՞ՒՄ ԵՆ ԽԱԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում տարածվեց մեկ տարվա վաղեմության մի տեսանյութ, որում ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը արձանագրում է, թե ինչպիսի ողբերգական վիճակի է հասցվել Հայաստանը` Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման արդյունքում: Ազգային փոքրամասնությունների ղեկավարների  մասնակցությամբ հանդիպման ընթացքում, երբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է քծնել Պուտինին` հայտարարելով, թե Ռուսաստանում բնակվող 2,5 միլիոն հայերն անվերապահորեն աջակցում են նրան, Պուտինը բեմից ընդհատում է Աբրահամյանին` հարցնելով. «Իսկ Հայաստանում քանի՞ հայ կա»: Ա. Աբրահամյանը ներկաների ծիծաղի ներքո հայտարարում է պաշտոնական թիվը` նշելով, թե Հայաստանում բնակվում է 3,2 միլիոն հայ, ինչին ի պատասխան` Վլադիմիր Պուտինը ասում է. «Դա հայկական գնահատականներով, իսկ մեր տվյալներով` ավելի քիչ են: Դա իրականությունն է, դա կատակ չէ, ոչ էլ հեգնանք»,- դահլիճի ծափերի ներքո ամփոփում է ՌԴ ղեկավարը: Պուտինի այս հեգնանքախառը հիշատակումը դիտելիս ակամայից հիշեցինք դրանից երկու ամիս անց ՀՀ նախագահական նստավայրում հրավիրված մի խորհրդակցություն, որի ընթացքում Սերժ Սարգսյանը երկար-բարակ ելույթ էր ունենում երկրից միգրացիայի թեմայով` կշտամբելով համապատասխան կառույցների ղեկավարներին եւ լրատվամիջոցներին, թե նրանք ներկայացնում են սխալ թվեր, ինչի արդյունքում հանրության մոտ ոչ ճշգրիտ տպավորություն է ձեւավորվում, եւ մարդիկ սկսում են մտածել, թե Հայաստանը դատարկվում է: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը տեղյա՞կ էր Պուտինի այս հայտարարությունից, երբ ինքնախաբեությամբ տարված` կոչ էր անում թյուր տեղեկատվություն տարածողներին  պարզաբանումներ տալ: Դժվար թե: Հատկապես անցած երկու տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն առհասարակ բավականին անտեղյակ է երկրում տիրող իրավիճակից: Ինչը, ցավոք, չի կարելի ասել հենց նույն Ռուսաստանի իշխանությունների մասին, որոնք ոչ միայն բավականաչափ տեղեկացված են, այլեւ հարկ եղած դեպքում շատ ուղիղ` «կացնային» կերպով հայտարարում են, որ օգտագործելու են Ռուսաստանում բնակվող հայերի գործոնը` սկսած ապօրինի միգրանտներին արտաքսելուց, ավարտած բանկային տրանսֆերտների կասեցմամբ: Եվ երբ այս օրերին որոշ տնտեսագետներ փորձում են ներկայացնել, թե իբր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը պայմանավորված է մեր պետության տնտեսական շահերով, նրանք պարզապես փորձում են փրկել Սերժ Սարգսյանի դեմքը, քանի որ առայժմ դեռ որեւէ մեկը չգիտի, թե ինչպիսի  չափանիշների վրա է հիմնված լինելու մեր անդամակցությունը ՄՄ-ին: Ի տարբերություն ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի, որի տեքստը մինչեւ վերջին բառն արդեն իսկ պատրաստ էր եւ քննարկված ՀՀ իշխանությունների հետ, Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը դեռեւս օդի մեջ է: Փոխարենը ավելի քան առարկայական է 2,5 միլիոն հայերին նեղելու եւ բանկային տրանսֆերտները կասեցնելու սպառնալիքը, ինչը եւ իր արդյունքը տվեց:




Լրահոս