Օսկանյանը փորձում է իր շուրջը հավաքագրել նեղացածներին. քաղաքական դաշտում իրավիճակն ավելի գունեղ է դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում շարունակում են վերադասավորման ակտիվ գործընթացներ տեղի ունենալ, որոնք ներկայումս հիմնականում ծավալվում են իշխանությունների ջանքերով ստեղծված կամ նրանցից այս կամ այն կերպ նեղացած ուժերի շրջանակներում:

Մասնավորապես, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, բայց փաստացի այդ կուսակցության հետ ոչ մի կապ չունեցող Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում են ԲՀԿ-ից դուրս եկած ակտիվիստներին համոզել, որ նրանք միանան իրենց եւ համալրեն նոր ստեղծվելիք կուսակցության շարքերը: Նախկին ԲՀԿ-ականներով հետաքրքրվում են նաեւ Արթուր Բաղդասարյանի` ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդի» վերածված կուսակցության ներկայացուցիչները:

Սակայն այս գործում Վարդան Օսկանյանի թիմակիցները մի առավելություն ունեն. նրանք նույն այդ ԲՀԿ-ականների հետ կուսակիցներ են եղել եւ «դժգոհների» հետ կապ հաստատելը նրանց համար ավելի հեշտ է: Թերեւս հենց այդ հանգամանքով է պայմանավորված նաեւ այն փաստը, որ Օսկանյանի կողմնակիցները միայն նախկին ԲՀԿ-ականներով չեն բավարարվում եւ փորձում են իրենց կողմը ներգրավել նաեւ վերը նշված կուսակցության շարքերում մնացած անդամներին: Հարկ է նկատել, որ Օսկանյանի եւ Բաղդասարյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվել են ԲՀԿ-ի մարզային տարածքների ներկա եւ նախկին անդամները:

Այս տեսանկյունից ուշագրավ է նախօրեին կայքերից մեկի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից արտահայտած հետեւյալ միտքը. «Եթե, ըստ չակերտավոր վերլուծաբանների, թույլ է ԲՀԿ-ն, ինչո՞ւ են հին ու նորաստեղծ որոշ կուսակցություններ ամեն օր գրոհում «Բարգավաճ Հայաստանի» տարածքային կառույցների վրա, խնդրում, աղաչում, աղերսում մեր տարածքային կառույցների պատասխանատուներին դուրս գալ ԲՀԿ-ից ու անդամակցել իրենց կուսակցություններին: Հետո կխոսեմ ավելի բաց: Զգուշացնում եմ որոշ նորաստեղծ կուսակցություններին, որ էդքան հզոր եք ու հզոր ռեսուրս ունեք, ինչու եք բոլորդ կառչած «Բարգավաճ Հայաստանի» ռեսուրսներից»:

Ի դեպ, ուշագրավ է, որ Արթուր Բաղդասարյանի եւ Վարդան Օսկանյանի թիմակիցները նախկին ԲՀԿ-ականներին իրենց շարքերը ներգրավելու հարցում, կարելի է ասել, որ գործում են համաձայնեցված` առանց մեկը մյուսին խանգարելու: Ավելին, ըստ լուրերի՝ Օսկանյանն ու Բաղդասարյանն իրենց հայտնի հանդիպումից հետո արդեն իսկ պայմանավորվել են 2017 թվականի ընտրություններին մասնակցել համագործակցված: Նույնիսկ բացառված չէ, որ նրանք վերջին պահին որոշեն դաշինքով հանդես գալ: Սակայն մինչ այդ նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր դիրքերն ամրապնդել, որպեսզի հետագա բանակցությունների ընթացքում կարողանա իր կուսակցության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ակնկալել:

ԲՀԿ-ականներից բացի՝ Օսկանյանի կողմնակիցների թիրախում են հայտնվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ազդեցիկ դիրքեր զբաղեցրած, հետագայում իրենց պաշտոնից զրկված գործիչները: Այլ կերպ ասած՝ Օսկանյանը, որպես ՀՀ ԱԳ նախկին նախարար, փորձում է իր շուրջը հավաքագրել նեղացածներին: Թերեւս համոզված է, որ իրեն կհաջողվի իշխանության ապաշնորհ գործունեության հետեւանքով վերջին տասը տարում «նախկին» դարձածներին համոզել համախմբվել:

Նշենք նաեւ, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «վերադարձի» շուրջ համացանցում ծավալված աժոտաժը եւս պատահական չէ: Մեր տեղեկություններով՝ Օսկանյանի թիմակիցները նախատեսել են, որ նախ իրենք Բաբայանի վերադարձի հասարակական պահանջի տպավորություն կստեղծեն, հետո «կամադուշչին» կհամոզեն մեծ շուքով անդամագրվել իրենց կուսակցությանը: Արդյունքում, ոչնչից բավական ազդեցիկ փիառ ակցիա կստացվի:

Բայց, ինչպես միշտ, լրատվամիջոցները համը հանեցին. նախ նրանց աչքից չվրիպեց Բաբայանի թաքուն վերադարձը, որի ընթացքում էլ հենց քննարկվել է նրա` Օսկանյանին միանալու հարցը: Դրանից հետո էլ երբ արդեն Սամվել Բաբայանն արդեն «պաշտոնապես» վերադարձավ, մամուլն այդ աշխարհացունց իրադարձությանը առանձնապես նշանակություն չտվեց: Ու նույնիսկ արդեն արտահոսք եղավ, որ նա չի մասնակցելու քաղաքական գործընթացներին:
Մի խոսքով, որքան մոտենում են 2017-ի խորհրդարանական ընտրությունները, քաղաքական դաշտում իրավիճակն այնքան գունեղ է դառնում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս