«ՀՐԱԶԴԱՆ»-Ը ԿԱԽԱՐԴՎԱ՞Ծ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին կայացան 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլի հանդիպումներ։ Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է B խմբում, «Հրազդան» մարզադաշտում սկզբունքային խաղում 0։1 հաշվով զիջեց Դանիայի հավաքականին, որին նրանց իսկ հարկի տակ հաղթել էր խոշոր՝ 4։0 հաշվով։
Մեր խմբի մյուս խաղերում միեւնույն՝ 2։1 հաշվով Իտալիայի հավաքականը հաղթեց Չեխիայի, իսկ Բուլղարիայի հավաքականը՝ Մալթայի հավաքականին։ Այսպիսով՝ իտալացիները վաստակեցին 20 միավոր եւ դարձան անհասանելի, 13 միավորով երկրորդ հորիզոնականում իրենց տեղը պահպանեցին բուլղարացիները, 12 միավորով երրորդ հորիզոնականում դանիացիներն են։ Չեխիայի եւ մեր ազգային հավաքականները 9-ական միավորով զբաղեցնում են 4-5-րդ հորիզոնականները։ 3 միավորով վերջին տեղում Մալթայի հավաքականն է։ Թիմերին մնացել է անցկացնել երկուական հանդիպում։ Հոկտեմբերի 11-ին կկայանան Հայաստան-Բուլղարիա, Մալթա-Չեխիա եւ Դանիա-Իտալիա, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Իտալիա-Հայաստան, Բուլղարիա-Չեխիա եւ Դանիա-Մալթա հանդիպումները։
Ի դեպ, գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազգային հավաքականը մրցասպարեզ դուրս եկավ «Հրազդան» մարզադաշտում: Նախորդ խաղը մեր ընտրանին անցկացրել էր անցյալ տարվա հոկտեմբերի 12-ին` ուժերը չափելով իտալացիների հետ: Հայաստանի հավաքականը «Հրազդան»-ում 2-րդ անգամ պարտվեց դանիացիներին: Առաջին պարտությունը մեր ֆուտբոլիստները կրել էին 1995թ. օգոստոսի 16-ին՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում զիջելով 0:2 հաշվով: Հարկ է նշել, որ «Հրազդան»-ում մեր հավաքականը բավական անհաջող է հանդես եկել: Անցկացված 22 հանդիպումներում տոնել է ընդամենը 3 հաղթանակ, 8-ն ավարտել ոչ-ոքի, 11-ում պարտվել: Այդ խաղերից 19-ն ընտրական բնույթ են կրել: «Հրազդան»-ում վերջին հաղթանակը մեր հավաքականը տոնել է 1998թ. սեպտեմբերի 5-ին` Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 3:1 հաշվով առավելության հասնելով անդորրացիների նկատմամբ: «Հրազդան»-ում անցկացրած վերջին 4 հանդիպումներում էլ մեր հավաքականը պարտվել է (2008թ.` Թուրքիա` 0:2, 2010թ.` Իրան` 1:3, 2012թ.՝ Իտալիա` 1:3, 2013թ.` Դանիա` 0:1:) Վերջին անգամ «Հրազդան»-ում մեր հավաքականը դրական արդյունքի է հասել 2000թ. ապրիլի 26-ին` գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով վրացիների հետ ընկերական հանդիպումը:
Երբ Դանիայի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողներից մեկը նկատեց, որ մեր հավաքականը Երեւանում շատ անհաջող է հանդես գալիս, ու հավելեց, որ, կարծես թե, կախարդանք կա, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստացավ խմբային փուլի ավարտից հետո հայտնել իր կարծիքն այդ մասին։ Նա Դանիայից կրած պարտությունից հետո շնորհակալություն է հայտնել տղաներին, որ պայքարել են մինչեւ վերջ եւ ցուցաբերել հայրենասիրություն: Իսկ պարտության պատճառներից է համարում նաեւ այն, որ երկու խաղում 5 հարկադրված փոփոխություն է կատարել։  

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս