ՎԿԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստում հարցաքննվել է դատակոչված վկաներից մեկը` Դոնարա Եփրեմյանը: Իսկ դատակոչված մյուս վկան մահացել է, եւ դատարանը ստիպված ընթերցել է նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը: Հաջորդ նիստը սեպտեմբերի 19-ին է:
ԴԵՌ ՉԳԻՏԻ՞
Սիսիանի քաղաքապետը` Աղասի Հակոբջանյանը, մինչ օրս չգիտի, թե ինչ չարաշահումներ են իրականացրել քաղաքապետարանի աշխատակիցները, եւ առհասարակ չի ստացել փաստաթուղթ, թե ինչ փաստերի հիման վրա է քրեական գործ հարուցվել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, թե ինքը չի հավատում, որ իր աշխատակիցները կարող էին նման բան իրենց թույլ տալ: Նշենք, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չարաշահումներ են թույլ տվել հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում եւ էական վնաս պատճառել համայնքի անձանց իրավունքներին ու օրինական շահերին: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով:
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Սպիտակ քաղաքում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցի հանրախանութների դիմացի փողոցում ապրող քաղաքացիները նկատել են, թե ինչպես է իրենց տարածքում մի տղամարդ ինչ-որ բան պատրաստում: Մարդիկ, կարծելով, թե նշված տարածքում թմրանյութ են պատրաստում, ահազանգել են ոստիկանություն: Արդյունքում պարզվել է, որ երեք տղամարդ` Արմենը, Ալբերտը եւ Թաթուլը, իսկապես թմրանյութ են պատրաստել: Նրանց մոտ տարբեր գույնի սրվակներով լի հեղուկներ են եղել եւ մի շարք այլ նյութեր: «Ժողովուրդ»-ի տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Ըստ ոստիկանության՝ Արմենը, Ալբերտը եւ Թաթուլն ազատ են արձակվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԲՌՆԵԼ ԵՆ
«Առավոտ»-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկին` բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու կալանավորել: Կալանքի որոշումը կայացրել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Պատճառը Գյումրու քաղաքապետարանում ֆիննախարարության կողմից անցկացրած ստուգումներն են, որոնցով որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել այս ոլորտում: Նշենք, որ Հ. Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի ազդեցիկ պաշտոնյաներից մեկն էր` Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերը: