«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար կազմին հանձնարարվել է ամեն կերպ թույլ չտալ քաղաքական գործընթացների ակտիվացում: Հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորներին եւ ՀՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր տեսակի քննարկումներից` պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ: ՀՀԿ-ում «ցրում» են նույնիսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկումները` դարձյալ ասելով, թե դեռ ժամանակը չէ: Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, սակայն գործնականում ՀՀԿ-ն իր տեսանկյունից լրիվ հասկանալի մարտավարություն է փորձում իրագործել: Իշխանությունը փաստացի փորձում է քաղաքական դաշտը քնեցնելով՝ վերադարձնել նախկին, այսպես կոչված, պասիվ վիճակին: Եթե հաջողվի այդ խնդիրը լուծել եւ, օրինակ, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրությունները հնարավորինս անաղմուկ անցկացնել, ապա հնարավոր կլինի քաղաքական կյանքի ակտիվացումը հետաձգել մինչեւ աշնան վերջ:
Նկատենք, որ նախորդ ընտրություններում իրադարձությունները սովորաբար հենց այդ սցենարով են զարգացել: Արդյունքում, ընդդիմությունն այդպես էլ չի հասցրել ընտրություններից առաջ «դիրքավորվել» եւ պատշաճ ներկայանալ: Իշխանությունների պարագայում նման հարց գոյություն չունի, քանի որ այն երբեք իր առջեւ խնդիր չի դրել ընտրողին համոզել, հետեւաբար ճիշտ կամ սխալ ներկայանալու հարց եւս չի առաջանում: Իշխանությունները միշտ ձգտել եւ ձգտում են քաղաքական գործընթացները հնարավորինս պասիվացնել, որպեսզի կարողանան իրենց վերարտադրության խնդիրը լուծել «չոր փողով», ինչը քաղաքական դաշտի գերլարվածության պայմաններում էապես կդժվարանա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: