ՁՈՒԿԸ ՀՈՏԱԾ Է ԳԼԽԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ մենք փորձում ենք վերլուծել ու հասկանալ, թե որն է մեր ժողովրդի, մեր երկրի այսօրվա  թշվառ վիճակի պատճառը, առաջին հերթին քննադատում ենք օրվա իշխանություններին, որոնք  մտածում են բացառապես սեփական շահի մասին: Մենք քննադատում ենք  անկուշտ օլիգարխներին, որոնք ամեն գնով փորձում են էլ ավելի  ընդլայնել իրենց ունեցվածքը: Մենք քննադատում ենք  մանր ու միջին պաշտոնյաներին, որոնք հանուն կաշառքի պատրաստ են ամեն ինչի: Միով բանիվ` բոլորին, ով այս կամ այն չափով իշխանություն ունի` լինի դա պետական, թե փողի իշխանություն: Սակայն մեր քննադատության թիրախից տարօրինակ կերպով դուրս են մնում մտավորականները, ավելի կոնկրետ նրանք, ովքեր որոշակի իշխանություն ունեն: Խոսքը վերաբերում է այսպես կոչված` ստեղծագործական միությունների ղեկավարներին: Բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ-ից որպես ժառանգություն մնացած այդ միությունների գործունեությունը հիմնականում սահմանափակվում է  միության մահացած անդամների համար ծաղկեպսակների գումարներ հավաքելով կամ էլ հանգստյան տների ուղեգրերի բիզնեսով: Սակայն չնայած դրան, այդ միությունների նախագահները, որոնք հիմնականում համարվում են իրենց ոլորտում մեծ վաստակ ունեցող մարդիկ, ամեն կերպ կառչում են իրենց աթոռից` բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով փորձելով երկարաձգել իրենց պաշտոնավարումը:  Անցած քսան տարիների ընթացքում մշտապես այդպիսի վիճակ է եղել Հայաստանի գրողների, նկարիչների, ճարտարապետների  եւ կոմպոզիտորների միություններում, որոնց համագումարները  հրավիրվել են մեծ ուշացումներով` խախտելով օրենքը, եւ որոնց նախագահների ընտրությունը մշտապես ուղեկցվել է սկանդալներով ու հրապարակային հայհոյանքներով:  Վերջերս էլ լարվել են կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի եւ մի շարք վաստակաշատ կոմպոզիտորների հարաբերությունները, որոնք, հոգնած Ամիրխանյանի «հավերժ նախագահությունից», կոչ են անում վերջապես համագումար հրավիրել եւ  միության նոր նախագահ ընտրել: Այն, թե ինչպես է արձագանքում իր կոլեգաների  միանգամայն օրինական պահանջին հարգարժան կոմպոզիտորը, որը ի դեպ, մի ժամանակ նաեւ ԱԺ պատգամավոր էր, այսինքն` օրենսդիր, մեղմ ասած պատիվ չի բերում նրան` որպես մտավորականի եւ հիրավի մեծ վաստակ ունեցող երաժշտի: Տարբեր ժամանակներում նույն կերպ են իրենց դրսեւորել նաեւ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահներ Մկրտիչ Մինասյանը, Ալբերտ Զուրաբյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, նրանից առաջ էլ` Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթեւոսյանը… մարդիկ, ովքեր իրոք համարվում են մեր մտավորականության ամենավառ ներկայացուցիչները: Եվ եթե նրանք են այդքան կառչած թեկուզ խիստ սիմվոլիկ իշխանությունից, ակամայից հարց է առաջանում. այդ դեպքում ի՞նչ սպասել իրենց արժեհամակարգով եւ ինտելեկտով այդ մտավորականներին զգալիորեն զիջող քաղաքական գործիչներից ու պաշտոնյաներից, որոնք հայտնվում են իրական իշխանության ղեկին:




Լրահոս