ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում նշել է, որ նահանգը ծրագրում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ լայնածավալ միջոցառումներ անցկացնել, այդ թվում Լոս Անջելեսում նախատեսվում է ստեղծել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հ. Աբրահամյանը Ջոն Պերեսին պարգեւատրել է ԱԺ պատվո մեդալով` ԱՄՆ Նահանգային ժողովի եւ ՀՀ ԱԺ միջեւ խորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված եւ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում 2013-ի սեպտեմբերի 6-ին մահացած Արման Դալլաքյանի հարազատները երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անհամաձայնություն են հայտնել քրեական գործի մեղադրական հիմքով կարճման կապակցությամբ: Նրանք պահանջել են, որ դատարանը Արման Դալլաքյանի մասով դատավճիռը կայացնելիս նրան արդարացնի: Ավելի վաղ Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը, NEWS.am-ին ասել է, որ ինքը մինչեւ Եվրադատարան բողոքարկելու է, քանի որ իր որդին «բանդայի» անդամ չէ:

ՉԻ ԽԱՆԳԱՐԻ
Մաքսային միությունում չկա որեւէ բան, ինչը կխանգարեր Հայաստանին կատարելու այն բարեփոխումները, որոնք խոստացել էին կատարել ՀՀ նախագահը, վարչապետն ու մյուսները: Այդ մասին երեկ «Ազատությանն» ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հարցին, թե արդյոք հիասթափված է ՄՄ-ին ՀՀ-ի միանալու որոշման առնչությամբ, Հեֆերնը պատասխանել է. «Ես չգիտեմ տեղի ունեցածի ողջ նախապատմությունը, եւ թե որոնք էին նախագահի որոշման վրա ազդած բոլոր գործոնները: Խոստովանում եմ, որ մինչ բոլորովին վերջերս ակնկալում էի, որ երկու համաձայնագրերն էլ Վիլնյուսում կնախաստորագրվեն»:

ԽՈԼԵՐԱ՞ Է ՏԱՐԱԾՎԵԼ
Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ եւ Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել: «Իլուր»-ի տեղեկացմամբ` ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի ջրերը խառնվել են խմելու եւ ոռոգման ջրերին, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, իսկ շատերն էլ գումարի բացակայության պատճառներով չեն դիմում հիվանդանոցներ բուժօգնություն ստանալու համար: Ըստ կայքի աղբյուրի՝ նույն ջրագիծը մատակարարում է նաեւ Էջմիածին քաղաքը, եւ մտավախություն կա, որ նույն վարակը կտարածվի այնտեղ:

ՄԵԿ ԱՄԻՍ ԱՎԵԼ
ՀՀ ՊՆ-ն ստիպված է եղել այս տարվա թե՛ գարնանային, թե՛ ձմեռային զորակոչերը  մեկ ամսով ուշ իրականացնել` կապված 12-ամյա կրթության ներդրման հետ, որպեսզի հնարավորություն տրվի դպրոցն ավարտելուց հետո բուհ ընդունվել: Երեկ՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այդ խնդրին, ասել է. «Մեկ տարի, ովքեր զորացրվելու են, մեկ ամսով ավելի պետք է իրենց ծառայությունը տանեն, բայց մեկ ամիս ավելացված ծառայության համար իմ հրամանով առաջին գծում ծառայություն չեն իրականացնելու։ Վերջին մեկ ամիսը զորամասի ներսում են լինելու, այնուհետեւ զորացրվելու են։ Մենք ստիպված ենք, դա մեկ տարի կտեւի, որից հետո արդեն հունի մեջ կմտնի»:




Լրահոս