ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՎԱՏ ՄԵՆԵՋԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ համաշխարհային քաղաքականությունը ցնցվեց վիկիլիքսյան բացահայտումներից: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներքին նամակագրությունը հայտնի դարձավ համայն հանրությանը, իսկ դրանում պարունակված գաղտնիքները զարմանք պատճառեցին շատերին: Հատկանշական է, որ նման բացահայտումները կարեւոր են ոչ միայն խոշոր տերությունների, այլեւ փոքր երկրների համար, այդ թվում եւ՝ Հայաստանի:
Այսօրվանից «Ժողովուրդ» օրաթերթը սկսում է ընթերցողի դատին ներկայացնել «Վիկիլիքս»-ի՝ Հայաստանին վերաբերող առավել ուշագրավ փաստաթղթերի ու արձանագրությունների շարքը, որը խոստանում է հետաքրքիր եւ տեղեկատվական լինել:
Առաջին փաստաթուղթը, որ ներկայացնում ենք, վերաբերում է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին, որը 2009թ. մարտի 20-ին չորսժամանոց ընթրիք-հանդիպում է ունեցել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ամենավստահելի գործարարներից մեկը բավականին հետաքրքիր բացահայտումներ է արել՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության, տնտեսա-քաղաքական իրավիճակի եւ այլ թեմաների հետ կապված:
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնի հաղորդման՝ Բաղդասարովը ԼՂ կոնֆլիկտի սկսվելու ժամանակ հեռացել է Բաքվից, տնտեսական գործունեություն ծավալել Ռուսաստանում եւ Հայաստանում՝ մեծ կարողություն կուտակելով: Նրան են պատկանում հայկական ավիաուղիները՝ «Արմավիա»-ն (ներկայումս սննկացած-հեղ.), ռուսական S-7 ավիաուղին, նա խառնված է վառելիքի ներմուծման բիզնեսին, տնօրինում է «Միկա» կազմակերպությունը, ունի նաեւ ցեմենտ արտադրող կազմակերպություն, որը «հատկապես ծաղկում ապրեց հայկական շինարարական բումի տարիներին»: Ամերիկացիները նկատում են, որ հայկական շրջանակներում տարածված է այն տեսակետը, թե Բաղդասարովի անձնական ու բիզնես հաջողություններն առաջին հերթին հնարավոր են դարձել նրա եւ Սերժ Սարգսյանի ընկերական կապերի շնորհիվ:
Հանդիպման ընթացքում Մ. Բաղդասարովը քննադատական խոսքեր է հնչեցրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին՝ նրան համարելով «լավ մտածող, բայց վատ մենեջեր»: Նա նկատում է, որ կառավարությունն արտասահմանից եկող միջոցներն ուղղում է դեպի բանկեր՝ «անելով այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ հարկավոր է երկրին»: Բաղդասարովի համոզմամբ` ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն թերզարգացած ինֆրաստրուկտուրաների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու տրանսպորտային հաղորդակցության բարելավմանը: Նա քննադատում է նաեւ կառավարության քաղաքականությունը դրամի նկատմամբ եւ հիշատակում նույն թվականի մարտի 3-ին դրամի գահավիժումը: Հատկանշական է, որ ամերիկացի դիվանագետը տվյալ հատվածում իր կողմից ավելացնում է. «Թեպետ Հայաստանում շատերն են համաձայն Բաղդասարովի վերջին դիտարկման հետ, բայց եւ այնպես,  մենք (ամերիկացիները-հեղ.) հասկանում ենք, որ ոչ թե Կենտրոնական բանկը, այլ ՀՀ նախագահն է պատասխանատու դրամի ուժեղացման քաղաքականության համար»:
Շարունակելով խոսել Տ. Սարգսյանի մասին՝ Բաղդասարովը նրա համար առավելագույն պաշտոն է համարում նախագահականում խորհրդականի դիրքը՝ ընդգծելով նրա անկարողությունը ազդելու այն մարդկանց վրա, որոնք կարող են իրականացնել կամ էլ խանգարել նրա ձեռնարկած վերափոխումներին: Հայ օլիգարխը վարչապետին համարում է վատ հաղորդակից, որն «ունակ է խոսել միայն բանկիրների լեզվով»: Բանախոսը ծաղրում է վարչապետի հրապարակային այն պնդումները, թե համաշխարհային ճգնաժամը Հայաստանի վրա լուրջ ազդեցություն չի ունենալու: Պատասխանելով վարչապետի հնարավոր այլ թեկնածուի մասին հարցին՝ նա նկատում է, որ նման դիրքում կարող էր աշխատել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ում նկարագրում է որպես խելացի եւ կարող մենեջեր, որը հասկանում է անընդհատ փոխզիջումների եւ լուծումների միջոցով «մարդկանց երջանիկ պահելու» անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Արմեն Մովսիսյանի եղբայրը՝ Թաթուլ Մարգարյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է եւ համարվում է ամերիկացիների սիրելին ու վստահելին (նրա մասին կարդացե՛ք 5-րդ էջում):
Փաստաթղթին կցված իր մեկնաբանության համատեքստում ամերիկացի դիվանագետը նկատում է, որ Մովսիսյանը հաջող գործընկեր է եղել էներգետիկ հիմնախնդիրների լուծման բնագավառում, եւ Բաղդասարովի ընտրությունն այնքան էլ անհիմն չէ: Վերջինս ավելացնում է, որ 2008թ. հունիսին Ս. Սարգսյանին տեղեկացրել է կադրային անհաջող նշանակման մասին, բայց իր խորհուրդն ուշադրության չի արժանացել: Օլիգարխի դիտարկմամբ՝ «նա (Ս. Սարգսյանը-հեղ.) գիտի, որ ես ճիշտ էի, բայց դեռեւս չի կարողանում ընդունել դա»:
Ամփոփելով Մ. Բաղդասարովի հանդիպման առաջին հատվածի շուրջ «Վիկիլիքս»-ի տեղեկատվությունը՝ արձանագրենք, որ հայ օլիգարխը, մեղմ ասած, համաձայն չէ կառավարության ղեկավարի ընտրության եւ վարած քաղաքականության հետ եւ այդ մասին անկեղծացել է ամերիկացի դիվանագետների հետ: Հաջորդ անգամ կներկայացնենք նրա տեսակետները Հովիկ Աբրահամյանի գործունեության, հայ-թուրքական հարաբերությունների բարիդրացիականացման, դրա հետեւանքների ու սփյուռքահայ կազմակերպությունների պահվածքի շուրջ, որոնք խոստանում են լինել հետաքրքիր եւ տարողունակ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս