ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԵՐԲԵՔ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ դժվարանում է ասել, թե որ ուղղությունն է առավել հեռանկարային Հայաստանի համար՝ եվրոպական, թե ռուսական, բայց եւ մտածում է, որ Եվրոպայի հետ համագործակցությունը վնաս չէր տա: Դերասանի խոսքով` սրանք նուրբ հարցեր են, քանի որ մեր երկիրն անվտանգության ու նաեւ քաղաքական տարբեր խնդիրներ ունի: Սակայն այսօրվա մեր թիվ մեկ խնդիրն արտագաղթն է:
-Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց դրդված են մարդիկ հեռանում:
-Հարցերը բազմաթիվ են` չեն կարողանում աշխատանք գտնել, սոցիալական իրենց հարցերը լուծել: Մարդիկ հեռանում են, քանի որ հուսալքված են, հիասթափված… Այս երեւույթի մեջ դրական ոչինչ լինել չի կարող, ու մենք դրա հետեւանքները կքաղենք հետո:
-Որոշ քաղաքական գործիչներ անգամ ասում են, որ արտագաղթը խթանելը հատուկ ծրագիր է:
-Ո՞ւմ կողմից է ծրագիր, մեր մեջ թուրքե՞ր կան:
-Չգիտեմ, սակայն փաստ է, որ հայրենի կառավարությունը պայմաններ չի ստեղծում, որ շարքային քաղաքացին կապվի իր երկրին եւ կարողանա այստեղ նորմալ ապրել:
-Ես հասկանում եմ, նոր դա էի ասում, որ եթե մարդիկ կարողանան ապրել, հավուր պատշաճի աշխատանք ունենալ, զավակներին կրթել, բնականաբար, չեն հեռանա: Բայց չեմ կարծում, թե սա հատուկ ծրագիր է, որ հիմա իրականացվում է: Օդում կարելի է շատ բան ասել, բայց ո՞վ եւ ինչո՞ւ է նման բաներ անում…
-Դուք գո՞հ եք Ձեր սոցիալական կարգավիճակից:
-Կարծում եմ ոչ: Այն հիմնարկները, որոնք պետության հովանավորության տակ են, դրանց աշխատավարձերը ցածր են:
-Այստեղից կարելի՞ է հետեւություն անել, որ պետությունը հավուր պատշաճի չի գնահատում իր արվեստագետին:
-Պետությունն ամեն ինչ է անում, որպեսզի իր արվեստագետները ստեղծագործեն, անեն իրենց աշխատանքը: Այսօր մեր հանրապետությունում 20-ից ավելի պետական թատրոն կա, բոլորը հովանավորվում են պետության կողմից: Նույնիսկ Ֆրանսիայում այդքան պետական թատրոն չկա, ընդամենը 3-4-ն են:
-Արդյո՞ք բավարար է այս հովանավորությունը, եթե հաշվի առնենք նոր ներկայացումների քանակը կամ դերասանների աշխատավարձերը, ինչի մասին ինքներդ նշեցիք…
-Նույն պետությունից էլ հովանավորվում են նաեւ ուսուցիչները, բժիշկները, այլ մասնագետներ, արդյո՞ք նրանք գոհ են:
-Այդքան պետական թատրոն ունենալով՝ արվեստի մակարդակը բարձրանո՞ւմ է կամ թատերասերների  քանակը մեծանո՞ւմ է:
-Չէի ասի, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ քանակը որակ է բերում: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ այդքան դերասան, նկարիչ, ռեժիսոր է աշխատում: Հեշտ է ասել՝ վերցնենք ու փակենք, բայց այդպես հո չի՞ կարելի: Դա էլ այն դեպքում, երբ ամեն թատրոն իր ավանդույթն ունի: Իհարկե, համակարգային փոփոխություններ պետք է անել:
-Նշեցիք, որ այդքան դերասան է աշխատում, բայց նրանք իրենց եկամուտը սերիալներում նկարահանվելով էին ապահովում: Հիմա սերիալների մեծ մասը փակվել է, եւ ստացվում է, որ շատ դերասաններ կմնան անգործ:
-Ո՛չ, ո՛չ, ինչո՞ւ են անգործ մնալու, դերասանները երբեք անգործ չեն եղել: 4-5 տարի առաջ, երբ այսքան սերիալ չկար, անգո՞րծ էին:
-Բայց չէ՞ որ միայն թատրոնի աշխատավարձով չէիք ապրում:
-Հասկանում եմ, բայց ես խոսում եմ այն մասին, որ ընդհանուր դաշտը պետք է աշխատի: Եթե գնանք հետ՝ Սովետական միության ժամանակահատված, ընդհանուր առմամբ դաշտը համակարգված աշխատում էր: Այսինքն՝ դերասանը ե՛ւ թատրոնում էր, ե՛ւ կինոյում, ե՛ւ հեռուստատեսությունում, ե՛ւ կրկնօրինակումներ էր անում, ընդհանուր դաշտն աշխատում էր: Եվ ոչ մի ժամանակ դերասանը չի աշխատել եւ ապրել միայն թատրոնով, դա վերաբերվում է նաեւ մեր մեծ, փառահեղ դերասաններին: Բոլորն ունեցել են իրենց դաշտում վաստակելու այլ տարբերակներ: Հիմա սերիալն ամբողջ համակարգի ընդամենը մի օղակն է:
-Իսկ Դուք քանի՞ տեղ եք աշխատում:
-Ես իմ ամբողջ կյանքում աշխատել եմ ընդամենը մի տեղ` թատրոնում: Իսկ էնպես ես նկարահանվել եմ կինոյում, արել եմ ամեն ինչ, ինչ անում է դերասանը: Օրեր առաջ էլ ավարտել եմ «Քույրը» սերիալի նկարահանումները: Այս պահին նոր առաջարկ չկա: Սա կոնվեեր չէ, որ մեկն ավարտես, մյուսը սկսվի: Հասկանում եմ նաեւ, որ հիմա կլինեն դերասաններ, որոնք կասեն՝ այո՛, ես 50 տեղից առաջարկ ունեմ, մի քանիսից հրաժարվել եմ, 10-ին կհամաձայնեմ… Հետո ես չեմ սիրում ապագա ծրագրերի մասին խոսել, թող լինի, կասեմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս