ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԻ ԼԻՆԻ
Նախախորհրդարանը դեռ հուլիսի 12-ին հայտարարել էր սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հաղորդագրությունից, հանրահավաքը հետաձգվում է` հաշվի առնելով «անցնող ժամանակահատվածում արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար»:

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` ԱՄՆ-ՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 25-28-ին կմեկնի ԱՄՆ: Նա ելույթ կունենա Հարվարդի համալսարանում, ապա նույն օրը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում եւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Այսօր հրավիրվելիք եպիսկոպոսաց ժողովի ընթացքում քննարկվելու է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Թերթ»-ին ասել է. «Վերջին սրբադասված հայազգի սրբերն են Հովհան Որոտնեցին եւ սուրբ Գրիգոր Տաթեւացին: Այդ խնդրով ստեղծված միացյալ հանձնախումբն արդեն մի քանի տարի է՝ աշխատում էր եւ այս ժողովին ներկայացնելու է իր առաջարկները սրբառաջարկման ավանդության վերականգնման վերաբերյալ»:

ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը երեկ մտահոգություն է հայտնել առ այն, որ տարածաշրջանում գրանցվող սեյսմիկ ակտիվությունից Հայաստանը չի կարող դուրս լինել: «Սպիտակից անցել է 25 տարի, ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական ուժգին երկրաշարժի։ Չեմ ուզում խուճապի առիթ դառնալ, բայց էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել: Պարզապես պետք չէ վախենալ, պետք է պատրաստվել»,-ասել է  նա։

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԵՄ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի` ՀՀ կառավարության դեմ ներկայացրած հայցի քննությունը:  Էլոյանը կառավարությունից պահանջել է վերացնել  իր ազատման որոշումն ու վերականգնել նախկին պաշտոնում: Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե Էլոյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, որի հիման վրա կայացվել էր կառավարության որոշումը, սակայն հետո պարզվել էր, որ Էլոյանը որեւէ դիմում չի ներկայացրել:




Լրահոս