Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի,շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել է իր որոշումը: Ըստ այդմ, Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով:
“Փաստինֆո”-ի փոխանցմամբ, դատարանը որոշում է կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո դատարանը քրեական գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կընդունի: Այսպիսով դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը կալանքի փոխելու մասին:
Խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այսօր եւս չէր ներկայացել իր գործով դատական նիստին եւ դատարանը,մինչ նիստը սկսելը՝ այն սկսվեց 40 րոպե ուշացումով, փորձել էր պարզել վերջինիս բացակայության պատճառը: Սուրենյանցը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ վատառողջ է եւ կաթիլային ներարկում է ստանում: Դատարանը փորձել էր պարզել, թե որտեղ է գտնվում Սուրենյանցը, վերջինս, դատարանին հավաստիացրել էր, որ Նորքի զանգվածում բնակվող ընկերոջ տանն է, բայց հասցե չէր նշել:
Նախորդ նիստին Սուրենյանցի նկատմամբ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, սակայն պարզվել էր, որ Սուրենյանցի բնակավայրի դատարանին հայտնի հասցեում նման մարդ չի բնակվում: