Եվրաինտեգրացիայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովը երեկ փակ նիստ է անցկացրել, որին հրավիրել է նաեւ ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ նիստում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության, ինչպես նաեւ ապագա փոխգործակցության լրացուցիչ ուղիներին վերաբերող հարցեր: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նիստը բավական երկար է տեւել, եւ մասնակցել են ոչ միայն եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի, այլեւ մի շարք այլ պատգամավորներ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ այսքանից հետո ԵՄ-ն ուզում է իմանալ ՀՀ իշխանությունների մտադրությունների մասին, թե մինչեւ որտեղ կարող են խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները: «ԵՄ-ի հետ հարաբերություններում ո՞րն է այն կարմիր գիծը, մինչեւ որտեղ պատրաստ եք շարունակել հարաբերությունները, որը, ըստ ձեզ, չի վնասի ՌԴ-ի հետ ձեր հարաբերություններին: Բազմիցս փորձել ենք ստանալ այդ հարցի պատասխանը, սակայն ձեր իշխանությունները կոնկրետ պատասխան չեն տվել»,-ասել է Հրիսթեան: Իսկ պատգամավորներից մեկի հարցին, թե մի՞թե ԵՄ-ում տեղյակ չեն եղել, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ՄՄ-ին անդամակցելու հարցով, Հրիսթեան պատասխանել է. «Ո՛չ, չգիտեինք»: Այդ մասին իրենք իմացել են օգոստոսի 31-ին:
ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ