ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹՅՈՒՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում, անդրադառնալով պետական ձեռնարկություններում տիրող վիճակին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե կան ձեռնարկություններ, որոնք, ստանալով 100 տոկոս պետական ֆինանսավորում, աշխատում են վնասով, եւ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: Սակայն առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այստեղ միտում է տեսնում: Ըստ նրա` կառավարությունը ձգտում է որոշակի բուժհիմնարկներ, մասնավորապես պոլիկլինիկաները, վերաենթարկեցնել առողջապահության նախարարությանը, որը սխալ մոտեցում է:
Նշենք, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով ուժը կորցրած են ճանաչվում այդ օրենքի 35-րդ հոդվածի երկու կետեր:
«Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ. եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա` եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի եւ ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել»,-հայտարարեց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ դա պետք է դառնա քննարկման առարկա: Նրա կարծիքով` կա՛մ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կա՛մ սխալ կառավարում է տեղի ունենում, ինչի համար բացատրություն պետք է տրվի:
Իսկ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետը թյուր ինֆորմացիա ունի. «Վաղուց ի վեր ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ են, իսկ խորհրդային տարիներին ենթարկվել են շրջգործկոմներին: Այնպիսի տպավորություն է, որ նախկինում, երբ դրանք եղել են հանրապետական ենթակայության տակ, շահույթով են աշխատել, իսկ հիմա, երբ համայնքային ենթակայության տակ են, սկսել են վնասով աշխատել»:
Նախկին նախարարի կարծիքով՝ այս հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. «Ամբուլատորիաները, պոլիկլինիկաներն արդյո՞ք պետք է բաժնետիրական ընկերությունների կարգավիճակ ունենան, թե՞ ոչ: Եվ, ընդհանրապես, եթե առողջապահական համակարգում խոսվում է շահույթի մասին, մի տեսակ ականջ է ծակում: Իսկ առողջություն ձեւավորելն ահռելի միջոցներ է պահանջում»:
Թե ով է այս հարցում մեղավորը, ցույց կտան ուսումնասիրությունները, իսկ թե կլինեն մարդիկ, որոնք կպատժվեն, ցույց կտա ապագան: Սակայն, ըստ Մկրտչյանի, խնդիրը հայեցակարգային է, այլ ոչ թե անձնավորված. «Մարդկանց հեռացնելուց առաջ պետք է նախ պատճառահետեւանքային կապը գտնել: Բնականաբար, այս դաշտում խաղացողները երկուսն են՝ առողջապահության նախարարությունն իր կրթական, մեթոդաբանական, խորհրդատվական ծրագրերով եւ կառավարման տեսանկյունից՝ մարզպետարանը, քաղաքապետարանը: Իսկ ընդհանրապես այս ամենը մեր կառավարությանը բնորոշ գործելաոճ է, աղմուկ, տեսե՛ք-տեսե՛ք, հետո, սակայն, ոչ մի հետեւանք չի լինում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս