ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ «ՏԱՆԻՔ» ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը դատական հայց է ներկայացրել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Խորենացու փողոցի 58-րդ հասցեում գործող «Ատլաս-էներգո» ՍՊԸ-ի դեմ՝ հօգուտ պետական բյուջեի 6 միլիոն 199 հազար 465 դրամ բռնագանձելու պահանջով: Դատարանը բավարարել է պատասխանողի դրամական միջոցների վրա կալանք դնելու վերաբերյալ հարկային տեսչության միջնորդությունը: Սույն վարչական գործով վճիռը ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:
Նախկինում Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել «Ատլաս-էներգո» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 22 միլիոն 355 հազար 684 դրամ բռնագանձելու պահանջով: Այդ  գործով դատավարությունը վարչական դատարանի Սեւանի նստավայրում մեկնարկել էր 2013թ. ապրիլի 25-ին: Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել Իջեւանի տարածքային հարկային տեսչության  պետի գրությունն այն մասին, որ դատական հայց ներկայացնելուց հետո «Ատլաս-էներգո» ՍՊԸ-ն ավելացված արժեքի հարկի գծով վճարել է 5 միլիոն դրամ, իսկ շահութահարկի գծով՝ 2 միլիոն 400 հազար դրամ: Այդ պատճառով հայցվորն ընդհանուր առմամբ 7 միլիոն 400 հազար դրամի չափով հրաժարվել էր պահանջից եւ խնդրել այդ մասով գործի վարույթը կարճել: Դատարանը համարել էր, որ ընկերությունում հարկային տեսչության ստուգման ակտը ստորագրել եւ դրա մի օրինակը ստացել է ընկերության տնօրենը՝ առանց դրանով արձանագրված խախտումների եւ առաջադրված պարտավորությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու: Ստուգման ակտը որեւէ իրավասու մարմնի կողմից անվավեր չի  ճանաչվել: 2013թ. մայիսի 31-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Հովհաննես Թորոսյան) վճռել է Իջեւանի տարածքային  հարկային տեսչության հայցը  մասնակիորեն բավարարել եւ «Ատլաս-էներգո» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 15 միլիոն 31 հազար 246 դրամ, որից ապառքը՝ 6 միլիոն  397 հազար 598 դրամ, տույժը՝ 7 միլիոն 444 հազար 816 դրամ, տուգանքը՝ 1 միլիոն 178 հազար 138 դրամ, նախապես չվճարված պետական տուրքը՝ 10 հազար 694 դրամ:
«Ատլաս-էներգո» ՍՊԸ տնօրենը` ծագումով Բերդի շրջանից, երեւանաբնակ ինժեներ Արմեն Մեջլումյանը, «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ իրենց ձեռնարկությունը Այգեձոր գյուղում 2 փոքր հէկ է աշխատեցնում` առանց հովանավորի, առանց «տանիքի»: Ա. Մեջլումյանը մեզ ասել է, որ 2 տարի առաջ հարկային տեսչությունն իրենց տուգանել է 32 միլիոն դրամի չափով, եւ իրենք, ստիպված վարկեր վերցնելով, մաս-մաս վճարել են այդ տուգանքը: Երեւի փոքր հէկ-երի շահագործումից մեծ շահույթներ կան, այլապես հարկային տեսչության պահանջով այդքան տուգանքներ վճարած ընկերությունը դժվար թե կարողանար գոյատեւել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս