«Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալված աղմկալի մի պատմության մանրամասներ, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը: Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ ամսից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել:
Այսպիսով՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են: Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա եւ չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»: Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» եւ իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է: Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է: Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ-որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում:
Ս. Խաչատրյանի հարազատները պնդում են, որ իրենց ազգականի դեմ մեղադրանք սարքելու գործով Սերգեյ Հայրապետովը անձամբ է զբաղվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը, որը այս տարվա մարտի 15-ին 5 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է, պատմել է քննիչներին, որ Սերգեյ Հայրապետովը անձամբ է իրեն հայհոյել, սպառնացել, հարվածել` ստիպելով ցուցմունք տալ Խաչատրյանի դեմ: Ընդ որում, ծեծի գործընթացը ծավալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության շենքում:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, սակայն այդպես էլ չեն գտնում այդ հրեշին: Սա այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում կոռուպցիան միանգամից աչքի է զարնում: 2012 թվականի մարտի 27-ին այս նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո եւ վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» եւ հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջեւ 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքվել, որով պետք է իրականացվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երկու դահլիճի տեխնիկական վերազինումը: Սակայն արդյունքում մեկ դահլիճի վերազինումն է տեղի ունեցել: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել: Ահա այսպես, մի կողմից գործ ունենք պետական միջոցները սխալ ծախսելու, մյուս կողմից էլ՝ պաշտոնեական անփութության հետ:
Այս տարվա սեպտեմբերին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակը շարունակվում է պահպանվել: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում այլեւս քաղաքապետի ուղղակի ընտրություններ տեղի չեն ունենալու, այլ ընտրելու են ավագանու անդամներ, որն էլ իր հերթին ընտրելու է քաղաքապետ: Իշխանությունները դեռեւս չեն շտապում հրապարակել Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուի անունը: Այդ «տիտղոսի» հավակնորդներն էլ չգիտեն՝ իրենց ինչ ճակատագիր է սպասում: «Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել, թե արդյոք նա մտադիր է քաղաքապետի ընտրություններում առաջադրվել, ինչին նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք շտապում: Շատ ժամանակ կա, մի շտապեք, հետո կիմանաք»: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե տեղյակ է՝ ո՞վքեր են պատրաստվում առաջադրվել: Վարդան Ղուկասյանը հավաստիացրեց, թե իրեն այդ թեման հետաքրքիր չէ: «Տեղյակ չեմ, չեմ զբաղվում, հետաքրքիր չի»,- ասաց նախկին քաղաքապետը:
Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է թողարկել ընդհանուր 20 միլիարդ 500 մլն դրամի երկարաժամկետ պարտատոմս: 12 միլիարդ դրամի պարտատոմսերն արդեն իսկ թողարկվել եւ իրացվել են նախօրեին: Դրանց հայտարարված եկամտաբերությունը եղել է տարեկան 13 տոկոս: Սակայն պարտատոմսերի այդ խմբաքանակի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 16.4361 տոկոս/տարեկան, իսկ տեղաբաշխման հասույթը կազմել է 9 միլիարդ 760 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ 20 տարի ժամկետով 12 միլիարդ դրամի պարտատոմսերը ՀՀ կառավարությունը կարողացել է իր արժեքից մոտ երկու միլիարդով պակաս վաճառել, բայց նախատեսվածից անհամեմատ բարձր տոկոսով: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի բանկերը, որոնք հանդիսանում են պետական պարտատոմսերի առաջնային գնորդը, ՀՀ կառավարության արդյունավետ գործունեությանը, մեղմ ասած, չեն հավատում: Ի դեպ, ընթացիկ ամսում ՀՀ կառավարությունը պատրաստվում է ետ գնել նախկինում թողարկված 4 միլիարդ դրամի պարտատոմսեր:
ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան օրենսդրական փոփոխություններն, ի վերջո, կատարելուց հետո ձեռնամուխ եղավ Թուրքիայի խորհրդարանի այլախոհ եւ իր ավտորիտար ռեժիմի համար ոչ ցանկալի պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդումների գործընթացի սանձազերծմանը: Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ դատախազություններին երեկ ուղարկվել են պատգամավորական անձեռնմխելիության զրկման մասին 117 թղթապանակ, որոնք առնչվում են 152 պատգամավորի: Բոզդաղն ընդգծել է, որ արդեն իսկ բաց է նրանց դատարանի առջեւ կանգնեցնելու ուղին: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունը թույլ է տվել վերացնել 152 պատգամավորի նկատմամբ 799 քրեական հետաքննության ու դրանք իրագործելու դեմ եղած խոչընդոտները, եւ թուրքական խորհրդարանի ղեկավարության ձեռքի տակ եղած այդ նյութերը մոտ ժամանակում կուղարկվեն հանրապետական դատախազություն: Նկատենք, որ նշված 117 քրեական գործերի զգալի մասը վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) եւ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին:
Այդպիսով՝ Էրդողանը շեշտակիորեն գնում է երկրում բռնատիրական կառավարման ամրապնդման՝ սկսելով քաղաքական հետապնդումների մի աննախադեպ ալիք: Թե իրեն եվրոպական քաղաքակրթության մաս համարող Թուրքիայի ղեկավարի այս քայլին ինչպես կարձագանքեն Եվրամիության ղեկավարները, պարզ կդառնա առաջիկա օրերին: Նկատենք, սակայն, որ մինչ օրս Էրդողանի այս քաղաքականության նկատմամբ եվրոպական կառույցների քննադատությունը բավականին թույլ է եղել մի շարք գործոնների պատճառով, որոնցից վերջինը /ոչ կարեւորությամբ/ վերաբերում էր փախստականների խնդրին:
Հերթական անգամ Թուրքիայում քաղաքական հետապնդումների, ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող խայտառակ քաղաքականության վրա աչք փակելով՝ ԵՄ-ն հույս ուներ լուծել իր ամենամեծ գլխացավանքներից մեկը, սակայն, արդյունքում ԵՄ երկրները եւ հատկապես Գերմանիան հասկացան, որ Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի, եւ Էրդողանի «շանտաժային» քաղաքականությանը տուրք տալով՝ դիմացը ոչինչ չեն ստանալու:
Արդեն իսկ հայտնի է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) դիմելու է ՄԻԵԴ՝ կապված երկրում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունման հետ: Արդյոք դա կունենա որոշակի զսպիչ դեր, դժվար է ասել: Ամեն դեպքում Թուրքիան կամաց-կամաց աշխարհին ի ցույց է դնում իր իրական՝ ցեղասպան դեմքը եւ դրանով, թերեւս, սահուն կերպով փակում դեպի ԵՄ իր մուտքի դուռը: