ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը  հայտարարեց, թե ՀՀ երեք նախագահներին պաշտոնապես կառաջարկի հանդիպել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որեւէ լուծում գտնելու ակնկալիքով: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գ. Իսագուլյանի հետ` պարզելու, թե ինչպես է նա պատկերացնում այդ հանդիպման ձեւաչափը, եւ այն կոնկրետ երբ է տեղի ունենալու:
-Այս գաղափարը հասունացել էր` անկախ այն հանգամանքից, թե Հայաստանը զարգացման կամ ինտեգրման որ ուղղությունը կորդեգրեր: Դա բացառապես հետեւանք է այն մտահոգության, թե որտեղ են մշակվում ազգային ծրագրերը, մոտակա եւ հեռակա անելիքները, եւ ինչպես են ուրվագծվում դրանց հասնելու ճանապարհները: Ես առաջարկել եմ ստեղծել որեւէ մարմին հնարավոր երեք տարբերակներից որեւէ մեկով. նախ` ՀՀ գործող ու նախկին նախագահների մասնակցությամբ, երկրորդ` ՀՀ եւ ԼՂՀ գործող ու նախկին նախագահների մասնակցությամբ` 3+2, եւ երրորդ` ՀՀ եւ ԼՂՀ գործող ու նախկին նախագահների եւ երկու վեհափառ հայրապետների մասնակցությամբ` 3+2+2 ձեւաչափով, որտեղ քննության կառնվեն հայությանը վերաբերող ազգային նշանակության տարբեր խնդիրներ, եւ կառաջարկվեն որոշակի լուծումներ: Ես չեմ բացառել նաեւ հնարավոր այլ ձեւաչափերը: Պետք է ձեւավորվի մի մարմին, որտեղ քննարկումները պետք է լինեն անկաշկանդ, առարկայական եւ որոշումներ ընդունելու հանգամանքը մասնակիցներից յուրաքանչյուրի համար պետք է լինի ոչ միայն իրավունքի խնդիր, այլեւ պատասխանատվության:
-Եթե հարցը դիտարկում ենք տեսականորեն, Ձեր ասած տարբերակները հնարավոր են: Սակայն գործնականում Դուք հնարավոր համարո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան ձեւաչափով հանդիպումը` հաշվի առնելով նրանց ներկայիս անձնական փոխհարաբերությունները:
-Բայց ես չեմ առաջարկում հանդիպում, որտեղ պետք է քննարկվեն անձնական փոխհարաբերության հարցեր: Նրանցից յուրաքանչյուրը եղել է ՀՀ նախագահ, եւ այս առումով ազգային ու պետական հարցերի նկատմամբ նրանց դիրքորոշումն ու վերաբերմունքը չի կարող ստորադասվել միմյանց նկատմամբ անձնական փոխհարաբերություններին, այլապես յուրաքանչյուր հայ, առավել եւս ՀՀ քաղաքացի իրավասու է դրանից եզրակացություն անել. այն է, որ նրանք ցանկացած պարագայում առաջնորդվել են՝ ոչ թե ելնելով ազգային ու պետական շահերից, այլ նրանց գործողությունները թելադրված են եղել զուտ անձնական կամ, առավելագույնը, կլանային շահերով: Ես, համենայնդեպս, հակված չեմ այդպես մտածել, եւ երբ կձեւակերպենք նրանցից յուրաքանչյուրին ուղղված առաջարկություն-նամակը, միայն պատասխանից հետո է, որ կարող ենք եզրակացություններ անել: Համենայնդեպս, ես լավատես եմ այս գործի հաջողության տեսանկյունից:
-Իսկ ի՞նչ իրավունքով եք Դուք ակնկալում որեւէ պատասխան, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱԺ պատգամավորի մակարդակով արդեն իսկ հնչել է հարցադրում, թե ով է Գ. Իսագուլյանը, որ նման առաջարկ անի:
-Դա հասկանալու համար առանձնապես մեծ խելք եւ ընկալելու ունակություն հարկավոր չէ, բավական է ընթերցել ՀՀ Սահմանադրության առաջին մի քանի հոդվածները, եւ կհասկանաք, որ ոչ միայն Իսագուլյանը, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի ամենամեծ իրավունքը, այն է` իրավունք տալու իրավունքը: Ով չի հասկանա այս արտահայտության իմաստը, ես պատրաստ եմ անվճար մի քանի օր կամ մինչեւ ընկալելը դասախոսություն կարդալ վերը ասածի կապակցությամբ: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ այն իրացնելու մեխանիզմները գրված են ՀՀ Սահմանադրության մեջ: Ես ուղղակի օգտվում եմ ՀՀ Սահմանադրությամբ ինձ ընձեռված այդ իրավունքից:
-Ի՞նչ փուլում է Ձեր նախաձեռնած գործընթացը:
-Այս պահի դրությամբ նախաձեռնող խումբը նախապատրաստում է անհատական նամակներ, որտեղ նշվելու են մեր նախաձեռնության նպատակը եւ ակնկալիքները: Կարծում եմ՝ գալիք շաբաթվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն եւ կփոխանցվեն համապատասխան գրասենյակներին, որից հետո մենք կսպասենք պատասխաններին:
-Որտե՞ղ եւ ե՞րբ եք պատկերացնում առաջին հանդիպումը:
-Դեպքերի` մեզ համար ամենացանկալի զարգացման պարագայում լավագույն տարբերակը կլիներ, որ առաջին հանդիպումը կայանար նոյեմբերի 1-ին Գանձասարում:
-Իսկ ինչո՞ւ նոյեմբերի 1-ին եւ ինչո՞ւ Գանձասարում:
-Իհարկե, ժամանակի եւ տեղի ընտրությունը պատահական չէ: 1723թ. նոյեմբերի 1-ին Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանը եւ Արցախի մելիքները նամակ հղեցին Պետրոս 1-ին, որը հետագայում լուրջ հետեւանքներ ունեցավ: 1736թ. Իրանի Նադիր շահը ճանաչեց Արցախի մելիքների ինքնիշխանությունը եւ վերահաստատեց նրանց դաշնային ինքնավարությունը Խամսայի մելիքություններ անունով: Խորհրդանշական առումով տեղը եւ ժամանակը գուցե ասոցացվում են տարբեր պատկերացումների հետ, բայց իմաստի առումով այժմ այն կարող է ունենալ միանգամայն այլ բովանդակություն: Մենք այժմ կարիք չունենք որեւէ մեկին նամակ գրել, շատ կարեւոր է մտածել ազգային ծրագրի մասին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս