Բանկն ու պատգամավորը. երաշխավոր կանգնելու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականին գրել էր, որ «Ամերիաբանկը» մեկ ամսվա տարբերությամբ 2 տարբեր հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի՝ պահանջելով մեկուկես միլիարդ դրամ, ինչպես նաեւ 83 միլիոն դրամ: Դեռեւս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Նավթ Ինվեստ» եւ «Ունիկո» ՍՊԸ-ներից ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ: Իսկ մեկ ամիս անց էլ դիմել էր՝ պահանջելով, որ «ՍԱՖԻՌ» ՍՊ ընկերությունից, «ՆԱՎԹ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերությունից եւ Ռուբեն Ալֆրեդի Սադոյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձեն 173 հազար ԱՄՆ դոլար:

Նկատենք, որ պատգամավորն այս գործով եղել է երաշխավոր եւ, ահա, իր հերթին էր հակընդդեմ հայցով դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել, որ բանկի պահանջը անհիմն է եւ ենթակա է մերժման: Եվ, ահա, առաջին ատյանի դատարանը շուրջ մեկ տարի քննելով երաշխավոր պատգամավորի եւ բանկի դատական վեճը՝ 2016 թվականի մայիսի 27-ին վճռել է. «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության հայցը՝ ընդդեմ «Սաֆի» ՍՊ ընկերության, Ռուբեն Սադոյանի եւ «Նավթ Ինվեստ» ՍՊ ընկերության, բավարարել: «Սաֆիռ» ՍՊ ընկերությունից, Ռուբեն Սադոյանից եւ «Նավթ Ինվեստ» ՍՊ ընկերությունից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել ընդհանուր 173.986.79 ԱՄՆ դոլար:

Հավելենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորն այս պատմության վերաբերյալ ասել էր. «Իմ ընկերոջ ընկերությունն է եղել, ես էլ երաշխավոր եմ այդտեղ… այլ բան չկա: Ինչքան գիտեմ՝ արդեն այս հարցով պայմանավորվածություն կա, որ խնդիրը լուծվի»:

Նկատենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով դատարաններում հայտնվելը հանրապետական պատգամավորների մոտ համաճարակի պես սկսել է տարածվել: Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը եւս սնանկ ճանաչվեց, նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սնանկ ճանաչեց:

Ք. Մանուկյան




Լրահոս