ՄԵԾ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի ստացած ձայներն ուրախացրել են նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թիմին: Բանն այն է, որ երեկ Գ. Կոստանյանն ավելի քիչ «կողմ» ձայն է ստացել, քան 6 տարի առաջ Աղվան Գառնիկիչը. այն ժամանակ Հովսեփյանի ընտրություններին մասնակցել էր 125 պատգամավոր: Նրանցից կողմ էր քվեարկել 118-ը, դեմ՝ 3-ը, իսկ 4 քվեաթերթիկ էլ ճանաչվել էր անվավեր: Իսկ ահա երեկ Կոստանյանը ստացել է 103 կողմ, 3 դեմ ձայն, 2 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. երեկ՝ ԱԺ քվեարկության ավարտից հետո, երբ պարզ դարձավ, որ Կոստանյանը խորհրդարանի կողմից նշանակվել է գլխավոր դատախազի պաշտոնում, ՀՀ գլխավոր դատախազության կայքի գլխավոր էջում անմիջապես հայտնվեց նրա լուսանկարը: Իսկ ահա Կոստանյանի կենսագրությունը դեռեւս տեղադրված չէ, թեեւ դատախազի տեղակալների բաժնից նրա անունն ու կենսագրությունն արդեն հանված են:
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԻՄԱՍՏԸ
ԱԺ-ն արտահերթ ընթացակարգով երեկ սկսեց քննարկել ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ համաներման նախագիծը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում սա երրորդ համաներումն է: Ընդ որում, երեքի հիմքում էլ ընկած են քաղաքական դրդապատճառներ: Միայն թե եթե առաջին երկու համաներումների քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, եւ նպատակն այդպես մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին ազատ արձակելն էր, ապա ներկայիս համաներման քաղաքական ենթատեքստն առաջին հայացքից չի երեւում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները, այս անգամ համաներում հայտարարելու քաղաքական շարժառիթները բոլորովին այլ են եւ վերաբերում են իշխանական թեւի բանտարկյալներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը կազդի նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եւ այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա: Իսկ այդ անձինք, որոնց մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, քիչ չեն՝ մոտ 20-30 հոգի: Միայն Վ. Խաչիկյանի հետ նույն քրեական գործով ամբաստանյալի աթոռին նստած է 12 հոգի: Բայց կան նաեւ անձինք, որոնց գործով դատաքննությունը տեղի է ունեցել առանձին, նրանք արդեն իսկ դատապարտվել են պատժի: Վ. Խաչիկյանի եւ կենսաթոշակների ու նպաստների յուրացման գործով անցնող մյուս անձանց վրա համաներումը կանդրադառնա ոչ թե անմիջապես, այլ կկրճատվի նրանց պատժաժամկետը. եթե դատարանը նրանց դատապարտի մինչեւ 10 տարվա ազատազրկման, ապա պատժի մեկ երրորդը կրելու դեպքում նրանք կարող են ազատ արձակվել: