ՀԱՐՑ. 2012թ. նոյեմբերին ավտոմեքենաս ձեռք եմ բերել նոտարով հաստատված պայմանագրով, սակայն մինչ օրս տվյալ պայմանագիրը չեմ գրանցել: Այն դեռ հաշվառված է նախկին սեփականատիրոջ անունով: Այժմ ապահովագրող կազմակերպությունը պնդում է, որ նա կարող է պարտադիր ապահովագրում կատարել միմիայն նախկին սեփականատիրոջ անունով, այլ ոչ իմ: Արդյո՞ք ապահովագրական կազմակերպությունն իրավացի է, թե՞ գործում է որեւէ կարգ, որով կկարողանամ պայմանագիր կնքել:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության պայմանագիրը կնքվում է ապահովագրական ընկերության ու հետեւյալ անձանց միջեւ՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով ձեռք բերող համարվող կողմի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալի:
Այսպիսով՝ օրենքի վերոնշյալ դրույթից բխում է, որ ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կարող է կնքել նաեւ ավտոմեքենայի առքուվաճառքի պայմանագրով մեքենան ձեռք բերած գնորդը՝ անկախ նրանից, թե մեքենան ում անունով է հաշվառված:
գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ապահովագրական ընկերություններն աշխատում են ըստ ճաշակի եւ տրամադրության: Մի ընկերությունը կարող է տվյալ գործարքը կատարել մի քանի րոպեում՝ առանց հաշվի առնելու, թե ում անունով է հաշվառված տրանսպորտային միջոցը, իսկ մյուս ընկերությունը կարող է ավելի քմահաճ գտնվել եւ պահանջել հավելյալ փաստաթղթեր՝ արհեստականորեն բարդացնելով գործարքի կնքումը: