20 «ԴԵՄ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ԿԵՂԾԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում շարունակվում էր քննարկվել այն հանելուկային հարցը, թե ինչպես եղավ, որ նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ ընդամենը երեք հոգի «դեմ» քվեարկեցին, այն դեպքում, երբ ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել էին, թե իրենք «դեմ» են քվեարկելու: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, եւ թե ինչպես են հանձնաժողովի անդամները 20 «դեմ» քվեաթերթիկ «սղացրել» Գեւորգ Կոստանյանի օգտին` «վերածելով» «կողմ»-ի:
Այն հանելուկային հարցը, թե, ի վերջո, ինչ խաղ են խաղացել ընդդիմադիր պատգամավորները, երեկ՝ ողջ օրը, քննարկվում էր ոչ միայն ԱԺ ընդդիմադիր, այլեւ իշխանական պատգամավորների կողմից: Ընդ որում, վերջիններս ակնհայտորեն զվարճանում էին տեղի ունեցածով: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե  իրականում ինչ է տեղի ունեցել:
Մեր տեղեկություններով՝ քվեարկության ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովի անդամները քվեաթերթիկների տուփը տեղափոխել են սենյակ, եւ հանձնաժողովի անդամները նստել են մի սեղանի շուրջ, որպեսզի հաշվեն քվեները: Սեղանի գլխավերեւում նստել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, որից աջ ու ձախ նստել են հանձնաժողովի անդամներ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը: Այնուհետեւ նստել են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմացի հատվածում՝ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ու ծայրամասում՝ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Քվեաթերթիկները հանել է Ս. Ավետիսյանը, բարձրաձայն հայտարարել, հետո փոխանցել իր կողքի նստածներին: Իսկ   մյուսները, վստահելով հանձնաժողովի անդամներին, այդքան էլ ուշադիր չեն հետեւել քվեաթերթիկներին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ քվեատուփից հանվել է մոտ 20 «դեմ» քվեաթերթիկ, սակայն հանձնաժողովի անդամները դրանք «սարքել» են «կողմ», իսկ ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես Լ. Սարգսյանը, Ա. Մինասյանն ու Տ. Ուրիխանյանը, «գլուխները կախ» համաձայնել են՝ ցույց տալով, թե չեն էլ նկատում:  Տեղեկություններ կան, որ Ա. Մինասյանին ու Տ. Ուրիխանյանին  ԱԺ նախագահի կողմից այդ հարցում «հանդուրժող» լինելու «հանձնարարական» է եղել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ  հանձնաժողովի անդամներից: Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լ. Սարգսյանն ասաց, թե ինքը շատ վրդովված է տեղի ունեցածից ու փորձում է իր մեջ վերլուծել, թե ինչ է կատարվել իրականում: Իսկ մեր ունեցած տեղեկատվության հետ կապված էլ, թե հանձնաժողովի անդամները կարողացել են 20 «դեմ» քվեաթերթիկները «անցկացնել» որպես «կողմ», ՀԱԿ պատգամավորն ասաց. «Եթե անկեղծ ասեմ, ես դա չեմ տեսել, ես կարող եմ հետեւություն անել Ս. Ավետիսյանի հայտարարությունից, կարող եմ ասել, որ սա մտածված ծրագիր էր ընդդիմության դեմ, մասնավորապես ՀԱԿ-ի, բնականաբար խնդիրը վարկաբեկելն էր: Ս. Ավետիսյանն այսօր հայտարարում է, որ 2 քվեաթերթիկ անվավեր են ճանաչել, որոնց մեջ նշված է եղել ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ, դա արդեն խոսում է այն մասին, որ սուտ են ասում: Իր ասելով՝ ընդամենը 1 հոգի է դեմ եղել: Ես ուշադիր եմ նայել նաեւ անվավեր քվեաթերթիկներին, սակայն կրկին Ս. Ավետիսյանն այլ բան է ասում: Շատ եմ մտածել ու այսօր համոզվեցի, որ սա ծրագրված օպերացիա էր ՀԱԿ-ին վարկաբեկելու համար»:
Իսկ մեր դիտարկմանն էլ, թե ընդդիմադիրներն «աչք» են փակել ու իրենց ձայներին «տեր» չեն կանգնել, Լ. Սարգսյանը հակադարձեց. «Ես նման բան չեմ կարող հաստատել, բայց կարող եմ մի բան ենթադրել, որ առնվազն 10 դեմ քվեաթերթիկ եղել է: Մի բան էլ նշեմ, որ հաշվարկին ներկա են եղել հիմնականում այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են քվեարկել: Փաստորեն, ես միակն եմ եղել այնտեղ, որի խմբակցությունը դեմ է եղել Կոստանյանի թեկնածությանը, եւ հիմա, երբ ես վերլուծում եմ, չեմ բացառում, որ 6 հոգով կարողացել են ինչ-որ ձեւով «դեմ» քվեաթերթիկները սկզբում թաքցնել, հետո մտցնել «կողմերի» մեջ: Դե իրենք 3 հատ դեմ ասացին, ես չհավատացի, «կողմերն» էլ նայեցի, տեսա, որ հա՛, բոլորը կողմ են: Ես չեմ բացառում, որ հաշվելու ժամանակ ինչ-որ բան արվել է»:
Զրուցեցինք նաեւ հանձնաժողովի ղեկավար Ս. Ավետիսյանի հետ, որն ասաց, թե իրականում որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: «Հանձնաժողովն ընդամենն ունեցել է 2 բուլետենի խնդիր, որի համար դիմել ենք հանձնաժողովին, քվեարկել ենք: Մենք այլ վիճելի խնդիր հանձնաժողովում չենք ունեցել: Թող ապացուցեն, որ նման բան կա, թող իրենք իրենց մեջ ման գան, թե ով ում է խաբել»: Հանձնաժողովի անդամներ Տ. Վարդապետյանն ու Ի. Խաչատրյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միաբերան հայտարարեցին, թե իրականում նման բան չէր կարող լինել, քանի որ իրենք աշխատել են այնպես, ինչպես օրենքով է նախատեսված, եւ հնարավոր չէր նման քայլի դիմել:
Իսկ Ա. Մինասյանն ու Տ. Ուրիխանյանն էլ ասացին, որ իրենք վրդովվում են այդ իրողությունից, քանի որ իրականում իրենք չէին կարող սխալվել ու թույլ տալ, որ նման կեղծիք տեղի ունենա: «Դա տգիտություն է ու վիրավորանք, կարող եք գնալ, պահանջել ու նայել»,-վրդովված հայտարարեց Ա. Մինասյանը: Տ. Ուրիխանյանն էլ նշեց. «Ուրեմն նա, ով կարող է կասկածել իմ ազնվության մեջ, ուրեմն ինքը գլուխը պատովն է տվել: Ես բացարձակապես թքած ունեմ ինչ-որ ենթադրյալ, անազնիվ, խաբեբա, կեղծավոր, ինչ-որ մի բան արած, բայց ժողովրդին այլ բան ցույց տվող մարդկանց կարծիքների վրա: Ես վստահ եմ ինձ վրա ու պնդում եմ, որ նման բան չէր կարող լինել»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս