«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում մի շարք դատավորներ է նշանակելու: Նրանք հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, նախկին կամ ներկա պաշտոնյաների զավակներ, փեսաներ, ազգականներ: Օրինակ՝ ԱԺ նախկին նախագահ, այժմ Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի փեսային՝ Արման Օհանյանին, նշանակելու է դատավոր, ամենայն հավանականությամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Արման Օհանյանն իր կարիերան սկսել է որպես հաշվապահի տեղակալ «Մարաշ» ՍՊԸ-ում, այնուհետեւ աշխատանքի տեղավորվել դատական համակարգում՝ աշխատելով որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, իսկ Երեւանի քաղաքացիական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար: 5 տարի էլ աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում, եղել է Հայկական կոնյակագործների միության կոորդինատոր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորի օգնական է եղել, ՀՀ նոտարական պալատում՝ աշխատակազմի ղեկավար, 2015թ. հրապարակված դատավորների որակավորման գրավոր քննության արդյունքներով` նա 72 միավորով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Այժմ նրա աստեղային ժամը եկել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: