Փակ շուկա, Երեւանի կրկես, Զվարթնոց օդանավակայանի հին շենք, Արագիլ ռեստորան, Զվարթնոց կինոթատրոն, Երիտասարդականի գետնանցում, Դվին հյուրանոց, Երիտասարդական պալատ. ԽՍՀՄ-ից ժառանգված պատմություն, որի յուրաքանչյուր էջ ուղակի կամ անուղղակի կերպով կապ ունի երեւանցիների կյանքի հետ, բայց այսօր առկա է որպես հիշողության պատառիկ: Այսօր Երևանում «Պաշտպանե՛նք «Զվարթնոցը» միասին, հավաք-երթ՝ «Էռնեկյան՝ հանցագործ» կարգախոսով տեղի կունենա հավաք-երթ, որը նպատակ ունի պաշտպանել «Զվարթնոց»-ի հին շենքը:
Երբ շահագործվեց շենքը
1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: Դրա բացմանը Մոսկվայից հատուկ պատվիրակություն էր եկել` Խորհրդային Միության ավիացիայի նախարարի առաջին տեղակալի գլխավորությամբ:
Իսկ համաձայն ՀՀ կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Իսկ ինչից սկսվեց ամեն ինչ…
Դեռևս 2013 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը: Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրել էր նրանով, որ կառույցի պահպանումը և վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բացի այդ, ընկերության կողմից մշակված «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագրով հին մասնաշենքի տարածքում այլ կառույց է նախատեսվում:
Արդեն անցած տարեվերջին Երևանի քաղաքապետարանը օդանավակայանի կլոր մասնաշենքը մասնակի ապամոնտաժելու թույլտվություն էր տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը և քաղաքապետարանի խոսքով, ընկերությունը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:
Ով է Էդուարդո Էռնեկյանը
Էդուարդո Էռնեկյանը համարվում է Արգենտինայի` թվով երկրորդ ամենահարուստ մարդը: Նա կառավարում է երկրի ամբողջ մեդիաշուկան` «America TV», «Cablevision S.A» հիմնական ռադիոընկերություններն ու բազմատպաքանակ «El Cronista» ամսագիրը: 1998-ից նրան է պատկանում նաև «Aeropuertos Argentina 2000» ընկերությունը: 2001թ. Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: 2006թ. գործարարը Հայաստանում ձեռք է բերել երկրում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 95 տոկոսը:
Նաիրա Հովհաննիսյան