Ինչպես հայտնի է՝ հունիսի 16-ին ՀՀ ԱԺ-ն բուռն քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը: Այդ փաստաթղթով նախատեսվում է մոտ 140 համայնքների խոշորացում: Համայնքների ղեկավարները շարունակում են բողոքել այս ծրագրի դեմ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարար Դավիթ Լոքյանից փորձեց այդ բողոքների առնչությամբ մեկնաբանություն ստանալ: «Իմ տեսակետը այն է, որ համայնքները պետք է խոշորացվեն, եւ դա իր արդյունքը պետք է տա: Դա շատ կարեւոր պրոցես է, աշխարհի փորձ կա, երկրների փորձ կա, կառավարման մոդել կա, ֆինանսական առողջացման խնդիր կա: Դժգոհությունների մեջ կան սուբյեկտիվ բաղադրիչներ, երբ համայնքապետերը, փաստորեն, մտածում են, որ կորցնելու են իրենց հնարավորությունները: Չի կարող 140 համայնք խոշորացվել եւ դժգոհություններ չլինել»,- հայտարարեց Լոքյանը: