ՆՐԱՆՑ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՊՐԵԼ ՍՏՎԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներում պարբերաբար մեկ հարց է առաջ գալիս՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հանդես չի գալիս եւ բացեիբաց չի հայտարարում իր քաղաքական ծրագրերի մասին:

Այսինքն՝ բոլորի համար ակնհայտ է, որ նա նախագահական նստավայրից հեռանալուց հետո երբեւէ չի դադարել ակտիվ քաղաքականությամբ զբաղվել եւ իշխանական համակարգի վրա մշտապես ունեցել է իր ազդեցությունը: Բոլորն ակնկալում էին, որ քոչարյանական գործիչներից կազմված կուսակցության ասպարեզ գալուց հետո Ռոբերտ Քոչարյանը, ընդունելով քաղաքական դաշտում վերջերս հաստատված խաղի կանոնները, եթե, իհարկե, չի ցանկանում դառնալ «թոշակառու», ապա այլեւս պարտադրված է հրապարակային հանդես գալ: Սակայն դա տեղի չունեցավ, եւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու: Իրականում տեղի ունեցածը լիարժեք բնորոշ է Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս իր գործունեության ողջ ընթացքում, սկսած ղարաբաղյան շարժման տարիներից, նախընտրել է իր ծրագրերն իրագործել աննկատ, թաքուն եւ ուրիշի ձեռքով: Սրանում համոզվելու համար բավական է վերհիշել իշխանական աստիճաններով Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին:
Այսօր շատ քչերն են հիշում Արցախի գերագույն խորհրդի նախագահ երջանկահիշատակ Արթուր Մկտրչյանին: Վերջինս 1992-ի հունվարին ընտրվեց ԼՂՀ առաջին գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում: Նա պաշտոնավարեց ընդամենը երեք ամիս. նույն թվականի ապրիլի 14-ին նա բնակարանից դուրս գալու պահին սպանվեց քունքին արձակված մահացու կրակոցից: Եթե Արթուր Մկրտչյանին չսպանեին, ապա դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն ինչպիսի քաղաքական կենսագրություն կունենային: Առավել հավանական է, որ նրանք լավագույն դեպքում Արցախի կառավարման համակարգում երկրորդական-երրորդական ինչ-որ պաշտոններ կզբաղեցնեին, եւ նրանց մասին ոչ ոք այդպես էլ չէր իմանա: Բայց ոչ, Արթուր Մկրտչյանը, որը կրթությամբ պատմաբան էր եւ մինչեւ 1988 թվականը` ղարաբաղյան շարժման սկսվելը, եղել էր Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն, սպանվեց: Ուշագրավ է, որ մինչ օրս բոլորը համոզված են, թե Արթուր Մկրտչյանին սպանել են Հայաստանի ՀՀՇ-ական իշխանության ղեկավարության հրահանգով, այլ տարբերակ նույնիսկ չի էլ դիտարկվել:
Ինչպես հայտնի է՝ մինչեւ ղարաբաղյան շարժումը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը զբաղված են եղել կոմկուսի կուսակցական աստիճաններում կոշիկներ մաշեցնելով, ակտիվ կոմերիտականներ են եղել, «աշխատանքներ են կատարել»: 1992-ին Քոչարյանը եւ Սարգսյանը հասցրել էին մտերմանալ Հայաստանում իշխանության եկած ՀՀՇ-ի ղեկավարության հետ ու դարձել էին նրանց սիրելին:
1998-ի փետրվարին Ռոբերտ Քոչարյանը, որը 1997-ի մարտի 20-ից զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, հայտարարեց, թե չի պատրաստվում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել: Այդ օրերին բոլորը համոզված էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրել էր ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, հետեւաբար հենց նա էլ պետք է դառնար հաջորդ նախագահը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ կոմերիտական դուետն ընդամենն օգտվել էր նրա` անմնացորդ նվիրվածությունից առ հայրենիք: Այսպիսով՝ դուետն աստիճանաբար Հայաստանում իշխանությունը վերցրեց իր ձեռքը:
Այնուհետեւ եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որն իրագործեց Նաիրի Հունանյանի գլխավորած հանցավոր խումբը՝ սպանելով Սպարապետին, Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ այլ պետական այրերի: Սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես էր նրանց հաջողվել իրավապահներից աննկատ ամիսներ շարունակ ծրագրել իրենց հանցագործությունը: Հանրահայտ փաստ է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում Հայաստանի զարգացումն առնվազն 30 տարով ետ շպրտվեց: Ընդդիմադիրները բազմիցս են ահազանգել, որ փոխարենը «կոմերիտական դուետը» ծաղկեց, մեկի ընտանիքը մի քանի տարում դարձավ միլիարդատեր, մյուսն էլ, իր հերթին սպասելուց հետո, այժմ զբաղված է պետության մեջ պետություն կառուցելով:
Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի առաջխաղացման ողջ ընթացքում, նրա կարիերայի համար կարեւոր բոլոր իրադարձություններում անձնական մասնակցության հարցն ամեն կերպ եղել է անտեսանելի: Կարելի է կարծել, թե ամեն ինչ նրան մատուցվել է: Իրականում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ստվերային գործիչներ են:
Ու այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է Ռոբերտ Քոչարյանին ստիպել, որ նա հրապարակային քաղաքական գործունեությամբ զբաղվի կամ քաղաքական ասպարեզից հեռանա, ամենեւին էլ պատահական չէ: Նա բոլորից լավ գիտի, որ Քոչարյանը հրապարակային դաշտում մի քանի ամսից ավել չի ձգի: Սերժ Սարգսյանն ինքն էլ է այդպիսին: Սակայն, ի տարբերություն Քոչարյանի, նա կարող է պաշտպանվել լրագրողների եւ հակառակորդ գործիչների հրապարակային հարցադրումներից` օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող իշխանական լծակներն ու քարոզչամեքենան: Ռոբերտ Քոչարյանը նման հնարավորություն չունի: Իշխանական համակարգի պարագլխի տիտղոսը վերադարձնելու գործում նա պարտադրված է սպասել հարմար պահի: Ահա թե ինչու չի վերադառնում Ռոբերտ Քոչարյանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՏԵՐՆ ՈՒ ԱՆՏԵՐԸ
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը «մի խումբ ընկերների հետ» արտերկրում ունեցած պետական «վոյաժներից» հետո եկել էր ու երեկ որոշել դասեր տալ, իր խոսքերով ասած, քաղաքական պայմանավորվածություններից խուսափող ընդդիմադիր ուժերին: Նաղդալյանը դժգոհեց, որ 102 ձայնով քվեարկված օրենսգիրքը չի աշխատում: «Տարօրինակ տպավորություն էր երեկվա նիստը, եկել ենք մի իրավիճակի, որ դարձել ենք իրար համար անբանակցելի, խոսելու, բան պայմանավորվելու ընդունակությունը կորցրած»,- նեղսրտեց ԱԺ փոխխոսնակը՝ բարկանալով արդեն մի փոքր այլ տոնայնության մեջ՝ «դուք ձեր դրած ստորագրության տերն ե՞ք»: Իհարկե, բարկանալն էլ Նժդեհի գաղափարակիր Նաղդալյանի սահմանադրական իրավունքն է, բայց ինչ-որ բանին, հատկապես խոսքերին, տեր կանգնելու մասին կոչերի հեղինակն ինքը պետք է իր օրինակով ցույց տա դրա կարեւորությունը: Նույն Նաղդալյանը չէ՞ր, որ հրապարակավ հայտարարեց «հողերը հանձնելու» մասին, հետո հրաժարվեց իր խոսքերից: Այնպիսի «տարօրինակ տպավորություն է», որ Նաղդալյանը միայն իր բիզնեսներին ու փողերին է տեր, մնացածը թատերական ժանրից են:

 

 

«ԶԱԳԱՌՈՎ» ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ
Այս երկուշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում պատգամավորների մի մասը ակնհայտ տարբերվում էր գործընկերներից, քանի որ նրանց դեմքն այնպես է արեւահարված, կարծես հենց նոր են վերադարձել ծովափից: Իրականում բոլոր այդ պատգամավորները ոչ թե ծով են գնացել, այլ մասնակցել են հունիսի 24-ին եւ 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպված հրապարակային եւ բացօթյա միջոցառումներին: Իսկ քանի որ պատգամավորների զգալի մասն իր օրվա մեծ մասը հիմնականում աշխատասենյակներում է անցկացնում, արեւի եւ նրանց դեմքի «շփումը» միանգամից իրեն զգացնել է տալիս:

 

 

ԳՈՂԹԵՑԻՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը ՀՀ Կոտայքի մարզի Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանից տեղեկացավ, որ Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով Կոտայքի մարզ տեղափոխելու ծրագիրը չի չեղարկվել: Հակառակը՝ այդ ծրագրի իրականացումն ընթացքի մեջ է: «Հենց հիմա սարից եմ իջնում, ջրագծի եւ ջրամբարի աշխատանքները սկսվել են: Այս պահին նախագծի հեղինակները նախագծում փոփոխություններ են անում, ինչի արդյունքում ջրի քանակը կավելանա: Ապա՝ երկրորդ ջրամբարն էլ կկառուցեն: Էն ժողովուրդն էլ նորմալ ջուր կունենա, մենք էլ»,- ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ գողթեցիների պահանջը ծրագիրը չեղարկելն է, որով նախատեսվում է Գեղարդալճի ջուրն ինքնահոս ոռոգման համակարգով տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ համայնքներ: Գողթեցիները պնդում էին, որ այդ ջուրը ոչ թե այլ գյուղերի գյուղացիների հողատարածքները ջրելու համար է տարվում, այլ իշխանավորների ու օլիգարխների տարածքներն ու այգիները ջրելու համար:

 

 

ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Այս մասին երեկ հայտնել է Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մ. Զախրովան էլ ասել է, թե Թուրքիայի նախագահի նամակը Ռուսաստանի նախագահին «քայլ էր ճիշտ ուղղությամբ»: Հայտնի է նաեւ, որ արդեն հուլիսի 1-ին Սոչիում Սեւծովյան համագործակցության հավաքի շրջանակում կկայանա Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հանդիպումը:
 

ՄԻՆՉԵՎ  ՉԼՈՒԾՎԻ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին օգտագործել իր աշխարհագրական կարեւոր դիրքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը: «Այդ հարցի լուծումն իր մեջ մեծ ներուժ է պարունակում Հայաստանի տնտեսական աճի համար: ԱՄՆ-ն իր հերթին անում է հնարավոր ամեն ինչ ԼՂ հակամարտության կարգավորման համար»,- ասել է Բրինքը, ով այցով գտնվում է Երեւանում: «Հայաստանը կարեւոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ խաչմերուկն է, այնպես որ, Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առեւտրի, մարդկանց, ծառայությունների համար, ինչը չափազանց կարեւոր է»,- «Արմենիա» հեռուստաալիքի հետ զրույցում նշել է Պետդեպի ներկայացուցիչը:

 

 

ԴԵՌ ԵՐԿՈՒ  ՏԱՐԻ ԿՄՆԱ
Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ կազմում այնքան ժամանակ, քանի դեռ բանակցությունները՝ կազմից դուրս գալու հետ կապված, չեն ավարտվել: Ընդ որում, այդ ընթացքում երկիրը կպահպանի իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Այս մասին երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում: Մերկելը նաեւ մանրամասնել է, որ դուրս գալու հայտի ներկայացումից հետո սկսվելու է երկու տարվա դժվարին բանակցային շրջան, որը կարող է նաեւ երկարաձգվել, ինչին արդեն կհաջորդի դուրս գալու եւ հետագա գործակցության համաձայնագիրը:

 

 

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԿՍՈՎՈՐԵՆ
Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, անգլերենը կդադարի լինել ԵՄ պաշտոնական լեզուն: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի սահմանադրական հարցերով կոմիտեի ղեկավար Դանուտա Հյուբները: Ինչպես հաղորդում է Politico-ն, «Եթե մենք չունենք Միացյալ Թագավորությունը մեր կազմում, չենք ունենա նաեւ անգլերենը որպես պաշտոնական լեզու»,- ասել է Հյուբները եւ մանրամասնել, որ անգլերենի կարգավիճակը համաեվրոպական կառույցում միայն Մեծ Բրիտանիայի պահանջով է, որ պաշտոնականացվել է:

 

 

ԼԱՎՐՈՎԸ ԿԳԱ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքին:




Լրահոս