Իսկապես սիրեցի հայերին և Երևանը. Սթիվեն Էնոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր անց մեկնարկում են մինչև 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումները: Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը համալրել է ԱՄՆ Ուսանողական լիգայի (Խմբ. առաջին դիվիզիոն) լավագույն կենտրոնականներից մեկը՝ Սթիվեն Էնոչը: Մասնագետների կարծիքով՝ Էնոչը համարվում է NBA-ի ապագա աստղ: 1997 թվականին ծնված բասկետբոլիստը 2մ 10սմ  հասակ ունի: Ծնվել է ԱՄՆ-ի Նորուոկում (Կոննեկտիկուտ) և խաղում է «UConn»  բասկետբոլային ակումբում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Էնոչը խոստովանեց, որ շատ է հավանել Երևանը և հայերին:

 -Սթիվեն, ինչպե՞ս ստացար Հայաստանի հավաքականին միանալու առաջարկը:

-Նրանք կապվեցին իմ նախկին մարզիչի հետ, ով առաջարկը փոխանցեց ներկայիս մարզչին: Վերջինս ծանոթ էր Հայաստանի հավաքականի մրզչին, ով հետաքրքրված էր Ամերիկայի մի քանի խաղացողներով:

Մինչև հրավեր ստանալը, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:

-Երբ հրավերը ստացա, համացանցում փնտրեցի «Հայաստան»-ը: Գեղեցիկ պետություն էր: Լսել եմ ձեր պատմության մասին: Ես մի քանի խաղացողների գիտեմ, ովքեր ուրիշ երկրներ են ներկայացնում: Սակայն ոչ բոլորը լավ գիտեն Հայաստանը: Ես առաջինն էի, որ եկա այստեղ:

-Մոտ 3 շաբաթ է , ինչ այստեղ ես և մարզվում ես հավաքականի հետ: Ի՞նչ կասես թիմակիցներիդ մասին:

-Իմ թիմակիցները լավ տղաներ են: Նրանք ինձ եղբոր պես ընդունեցին:

-Հասցրե՞լ ես տեսնել Երևանը:

-Այո, այն իսկապես շատ գեղեցիկ է: Նման չէ խիտ բնակեցված Նյու Յորքին, որտեղ բարձր շենքեր և խելահեղ խցանումներ են: Ես իսկապես սիրեցի այս փոքրիկ քաղաքը:

-Ի՞նչն ես ամենից շատ հավանել հայերի մեջ:

-Ամենից շատ սիրեցի այն փաստը, որ նրանք ցանկանում են քեզ ուշադիր լինել, հարցեր տալ: Չեն վախենում շփվել նոր մարդկանց հետ:

-Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Ի՞նչ ակնկալիքներով ես մեկնում Հունաստան:

-Միայն ոսկե մեդալի:

-Շնորհակալություն և հաղթանակ ձեզ:

Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքում:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս