Միտումնավո՞ր են անջատում. գազի տնտեսում՝ սպառողների՞ հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի Հանրապետության գազամատակարարումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ից հետո ՀՀ որոշ գյուղերում գազամատակարարումը հաճախակի դադարեցվում է: Գյուղ կա, որտեղ 1-2 օրով է դադարեցվում, գյուղ էլ կա՝ մի քանի ժամով: Թեեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գյուղերի գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը կապում է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, այնուամենայնիվ, տարածված տեսակետ կա, որ ընկերությունը պրոֆիլակտիկ աշխատանքները իրականացնում է հենց այս փուլում, որպեսզի գազի ծախսը կրճատի: Այսինքն՝ սպառողի հաշվին գազ է տնտեսում՝ այդպես լուծելով գազի պաշարների սակավության խնդիրը:
Հայտնի է, որ գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շտապեց տեղեկացնել, որ ՀՀ սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին: Գազամատակարարման համակարգի օբյեկտների վթարի դեպքում այդ կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է վառելիք մատակարարել 1-1,5 ամիս:

Եվ չնայած դրան՝ հիմնականում ՀՀ մարզերի բնակիչները ժամերով կամ 1-2 օրով մնում են առանց բնական գազի: Այդ մասին արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ՀՀ մի շարք գյուղերի բնակիչներից: Տեղեկացնենք, որ այս խնդիրը ի հայտ է եկել հատկապես հուլիսի 10-ից հետո: Օրինակ՝ հուլիսի 14-ին ՀՀ Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչները հնարավորություն չեն ունեցել կապույտ վառելիքից օգտվել: Հացավանի գյուղապետ Շավարշ Սարգսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր համագյուղացիները հիմնականում օգտագործում են բնական գազ: Իսկ անջատելու դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեսուչները պատճառաբանում են, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: «Հուլիսի 14-ին է գյուղի գազամատակարարումն անջատվել:

Մեր գյուղի բնակչության 90 տոկոսը հիմնականում սպառում է բնական գազ: Մեր գյուղացիների համար գազը առաջնային տեղում է: Գյուղի գազամատակարարումը անջատելուց առաջ մեզ նախապես տեղեկացրել են. իրենք մեզ հստակ ժամանակացույց են տրամադրել: Ճիշտ նույն ժամին էլ անջատել են ու միացրել»,- ներկայացրեց հացավանցի գյուղապետը:
Նշենք, որ նույն մարզի Գառնի գյուղը մի քանի օր առաջ նույնպես զրկված է եղել բնական գազից: Այստեղ ավելի քան մեկ օր բնակիչները մնացել են առանց կապույտ վառելիքի: Բացի այս՝ Գառնիում գազալցակայան կա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այն այդ օրերին նույնպես չի գործել, իսկ բնակիչներն իրենց ավտոմեքենաները գազով լիցքավորելու համար ստիպված են եղել հասնել Երեւան: Ի դեպ, Գառնիում գտնվող գազալցակայանը պատկանում է գյուղապետ Աշոտ Վարդանյանին: Տեղեկանալու համար, թե ինչու չի աշխատել գազալցակայանը «Ժողովուրդ»-ը զրուցեց Գառնիի գյուղապետ, գազալցակայանի սեփականատեր Աշոտ Վարդանյանի հետ:

Մեր հետաքրքրասիրությունը, սակայն, նրան դուր չեկավ. ««Ժողովուրդ» օրաթերթն ինչո՞ւ է այդ հարցով զբաղվում, մասնավոր սեփականություն է, չենք ուզում, չենք տալիս գազը: Բնակիչներն ինչո՞ւ են բողոքում: Վերանորոգվում է: Լսեք, հարգելի՛ս, սա պետական կառույց չէ, այլ մասնավոր է, կուզի կտա, չի ուզի՝ չի տա»,- չգիտես ինչու՝ զայրացավ գյուղապետը: Իսկ գյուղի բնակիչներին բնական գազի մատակարարման դադարեցման մասով էլ փոխանցեց, որ պատճառը գազի խողովակների հետ կապված աշխատանքներն են եղել:
Այնուամենայնիվ, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ սովորաբար ընկերությունը պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացնում է ամռան ամիսներին: Ներկայացնելով խմբագրության ստացած ահազանգերը՝ մենք նշեցինք, որ գազամատակարարման հաճախակի դադարեցման ֆոնին տեսակետ է շրջանառվում, որ այս կերպ ընկերությունը փորձում է սպառողի հաշվին գազ տնտեսել: Ըստ այդմ, բոլոր պրոֆիլակտիկ աշխատանքները տեղափոխելով հատկապես այս ժամանակահատված՝ այսպես ե՛ւ պրոֆիլակտիկ աշխատանքներն են իրականացնում, ե՛ւ գազի սպառման ծավալներն են նվազեցնում: Այսինքն՝ սպառողի հաշվին ընկերությունը երկու խնդիր է լուծում:

Այս տեսակետը լսելուց հետո ընկերության մամլո քարտուղարը փոխանցեց հետեւյալը. «Ոչ, նման բան չկա: Ոչ, գազ տնտեսելու խնդիր չունենք, որովհետեւ մենք ամբողջ ծավալը կարողանում ենք ապահովել: Հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքում լայնածավալ, մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվում: Իսկ ինչ վերաբերում է հանրապետության ներսի վիճակին, ապա մենք անխափան գազամատակարարումն ապահովում ենք ամբողջական ծավալով, այսինքն՝ մենք սպառման ծավալների խնդիր չունենք: Ընկերությունը պահանջարկը ամբողջությամբ ապահովում է»,- վստահեցրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամլո խոսնակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս