Հարցազրույց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի հետ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: Քանի որ նա այս պահին գտնվում է հետախուզման մեջ, զրույցը կայացել է գրավոր ընթացակարգով և հետադարձ հարցի հնարավորություն չի եղել:
– Որտե՞ղ է Գարեգին Չուգասզյանը՝ սա այս օրերին ամենակրկնվող հարցն է, բայց անհեթեթ կլինի ընդհատակում գտնվողին ուղիղ տալ այս հարցը, ուստի այսպես վերաձևակերպեմ՝ Դուք Հայաստանո՞ւմ եք:
-Ամենակրկնվող հարցն ունի պարզ պատասխան՝ Գարեգին Չուգասզյանը ընդհատակում է՝ հարկադրաբար …
-Ենթադրելի է, որ զինված հարձակումը նախաձեռնելիս «Նոր Հայաստանը» քննարկել է տարբեր զարգացումներ, այդ թվում և ֆորս մաժորի համար սցենարներ: Օրինակ՝ կանխատեսվե՞լ էր այսօրվա իրավիճակը, երբ կրիտիկական զանգված չկա փողոցում, իսկ առգրավված շենքի վրա արդեն ռազմական ուղղաթիռներ են երևում, կարծես գրոհի նախապատրաստություն է նշմարվում:
-Կարծում եմ անցած 9 օրը բավարար էր, որ միմյանցից տարբերեիք «Սասնա ծռեր» և «Նոր Հայաստան» կազմակերպությունները և մեկի գործողությունների պլանավորումը չվերագրեիք մյուսին: Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» ջոկատի ապստամբ տղաների … Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօրվա կառավարիչներին, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ «Մարտի 1-ով» չի ավարտվելու, և պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական դիմադրության շարժման ազատագրական պայքարին…
-Պարզ է՝ բանակցությունները ենթադրում է փոխզիջում, ի՞նչ զիջումների եք պատրաստ, ո՞րն է փոխզիջման Ձեր /նաև խմբի/ նախանշած սահմանը:
-Բանակցությունները վարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբները …Չկրկնեմ մանրամասները՝ կարող եք վերալսել Վարուժան Ավետիսյանի երեկվա մամուլի ասուլիսը… Ըստ իս, երկրում կան երկու ՝ անցնցում և ցնցումային քաղաքական փոփոխությունների տարբերակներ և ըստ այդմ՝ համապատասխան փոխզիջումներ…Իշխանությունը զավթած Մսրա Մելիքի համակարգը դեռ չի գիտակցում, որ «Սասնա ծռերից» ստացված հարվածից երկու կես է եղել, և նրա որևէ, կրկնում եմ որևէ շարժում բացահայտելու է իրողությունը…Հիմա խնդիրն այլ է . դա «Չորրորդ հանրապետության» ծնունդն է, որի պատասխանատվությունն ընկնում է իր այն քաղաքացիների վրա, որոնք բացի այն երազելուց նաև պատրաստ են հենց այսօր իրենց միացյալ ջանքերով ծնել իրապես արժանապատիվ ապագա ունեցող, մեծ ու փոքր հարևանների և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հարգված, ինքնիշխան, բարձրաճաշակ և բարձրտեխնոլոգիական Հայաստան: Նրանցից է կախված մենք կշարունակե՞նք ականատեսը լինուլ մեր բազմադարյա պատմության վերջին և անփառունակ էջին, թե՞ կկտրենք քաղաքական արատավոր շրջանը… «Սասնա ծռերի» ապստամբների վրա այս առումով ընդամենը ընկած է այդ ծննդյան տատմոր դերը, ոչ ավելին…
-Դուք, կարծեմ ունեք հնարավորություն ընդհատակից հայտարարություններով, ուղերձներով հանդես գալու, ինչո՞ւ եք լռում: Մանավանդ, որ Խորենացի փողոցի այս նոր քաղաքական հարթակը լցվել է նույն հին դեմքերով, որոնցից ոչ մի սպասելիք չունի հասարակության մեծամասնությունը:
– Ձեր, որպես լրագրողի անտեղյակությունը բացառիկ է …բացեք իմ ֆեյսբուկի էջը ու կտեսնեք առաջին իսկ օրվանից սկսած իմ ուղերձները, կարճ և երկար գրառումները… Ուրիշ հարց, որ իշխանամետ լրատվամիջոցներին խստիվ հրահանգ է իջել անտեսելու և լռության մատնելու այդ հայտարարությունները և գրառումները: Ցավոք, իմ կապի պայմանները սահմանափակ են և կապի վերջին օրերի անկայունությունը հանգեցրել էր հաղորդակցման կարճատև դադարի: Հուսանք, որ այն այլևս չի ընդհատվի… Հիմա անդրադառնամ հարցի երկրորդ մասին: «Սասնա ծռերի» ապստամբները, իրենց վրա վերցնելով բռնակալ ոստիկանապետության ուժային հնարավորությունների ժամանակավոր չեզոքացումը, բացառիկ հնարավորություն են ստեղծել երկրի իրապես քաղաքական և քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման , ժողովրդի լայնամասշտաբ մոբիլիզացման և քաղաքացիական անհնազանդության գործողություններով երկրում սահմանադրական կարգ հաստատելու համար …Հարթակը կազմավորման փուլում է, և մենք այստեղ կտեսնենք թե՛ հին, թե՛ նոր դեմքեր…Կարևորը չլինեն հեղինակազրկված և հանցագործ դեմքեր:
-Ի՞նչ են հուշում Ձեզ միջազգային արձագանքները. ինչ եք կարծում, որևէ երկիր կարո՞ղ է ողջունել զինված հարձակմամբ ձեռք բերված իշխանափոխությունը: Քննարկե՞լ եք այս հարցը:
– Միջազգային արձագանքները հուշում են այն , որ Ձեր կողմից ենթադրվող և տասնյակ այլ կայացած ժողովրդավարական պետություններում կայուն պետականության կայացումը կամ վերակայացումը հաճախ տեղի է ունեցել հենց ապստամբական լուրջ գործողության պատճառով, որը միշտ էլ ուղեկցվել է այլևայլ շահեր ունեցող երկրների միջազգային դատապարտումով, իսկ հաջող ավարտից հետո ՝ նոր կարգի միջազգային ճանաչմամբ …Ահավասիկ մի քանի դասական օրինակներ ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, փոքրերից և վերջին օրինակներից Ռումինիա, Հունաստան,Վրաստան, Իսլանդիա… Սա, իհարկե, չի նշանակում, որ ապստամբությունը դա պետականության կայացման անհրաժեշտ կամ բավարար նախապայմանն է … Ապստամբության հաջողությունը որևէ բռնատիրական երկրում ոչ միայն իշխանափոխության հասնելու մեջ է, այլ առավելապես կախված է այն բանից, թե երկրում սահմանադրականության հաստատում կլինի, թե ոչ… Սահմանադրականություն, որը ենթադրում է երկրում ուժային երկու կամ ավելի հիմնական բևեռների գոյություն և համակեցություն, այսինքն՝ նրանց միջև քաղաքական խաղաղ պայքարի օրենքների շուրջ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն…Իսկ այդ խաղի դատավոր կարող է լինել միայն ժողովուրդը, իր իրական՝ անհրաժեշտության դեպքում ոտքերով և ձեռքերով քվեարկությամբ… Հաջող իշխանափոխության և կայուն կարգուկանոն ունեցող պետականության հաստատման հիմնական գրավականը ժողովրդի մասնակցության ապահովումն է, որպես իշխանափոխության հիմնական դերակատարի…
-Մտավախություն չունե՞ք, որ զինված խմբի տղաները…ի՞նչ երաշխիքներ կան, որ նրանք կապրեն:
-Կա մեկ երաշխիք. դա մեր ժողովրդի՝ իր համար զոհաբերվելու պատրաստ լավագույն զավակների հետ համերաշխության և քաղաքացիական անհնազանդության և քաղաքացիական խիզախության բոլոր հնարավոր և անհնար դրսևորումներն են հենց այսօր, հենց հիմա…Վաղը ուշ կլինի…Մեզնից է կախված՝ ազգային օրացույցում կավելանա համազգային ողբի՞, թե՞ համազգային հաղթանակի ևս մեկ օր…ի գործ:
Վարդ Սիմոնյան