Աշոտ Պետրոսյանը կալանավորվել է. նրա պաշտպանը չի կարողանում կապ հաստատել ներգրավված հանրային պաշտպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր ոստիկանների և «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: ArmLur.am-ի հետ զրույցում Աշոտ Պետրոսյանի իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց. «Ես ոչ պաշտոնապես միայն կարող եմ ասել, որովհետև օրենք ներկայացնող մարմինը ՝ քննչական վարչություն ԱԱԾ-ն, որևէ քայլ այս պահին չի արել: Կեսօրից մինչև հիմա հարազատների հետ չկարողացանք ինչ-որ բան ճշտել: Իմացանք, որ գործը դատարանում է միայն, գնացինք այնտեղ, ինձ ասեցին, որ քննել են, բայց որոշումը դեռ չի հրապարակվել: Քիչ առաջ ԱԱԾ-ից դուրս եկավ իմ գործընկերը, իսկ մեզ ասեցին, որ դուք պետք է սպասեք»:

Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, որ հնարավոր է վաղն առավոտը նոր ինքը նեգրավվի և աշխատի:

«Մեզ ամբողջ օրն այդպես վազքի մեջ պահեցին, բայց մեզ համար անսպասելի ձևով իրենք հանրային պաշտպան էին բերել, ով էլ, որքան հասկացանք, գնացել էր սանկցիայի քննությանը»,- ասաց պաշտպանը:

Վերջինս հավելեց, որ հանրային պաշտպանն իր կոլեգան է, որի հետ կապ հաստատել չի կարողանում` պարզելու համար ի վերջո նիստին մասնակցե՞լ է, թե՞ ոչ: «Մեր կոլեգան է, բայց իր հետ չեմ կարողանում կապ հաստատել: Հիվանդանոցում էին Աշոտի դուստրը, որդիները, հարազատները, բայց հանրային պաշտպան ներգրավվեց: Այժմ դեռ ոչինչ պարզ չի»,- ավելացրեց նա:

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր ՝ «Սասնա ծռեր» խմբի տղաների վրա գիշերը ոստիկանները հարակից տարածքի պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ` Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Տղաներին ծանր վիճակում տեղափոխել են Էրեբունի ԲԿ, որտեղ անցկացրել են վիրահատություն: Այս պահին նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս